Ղարաբաղը կանցնի անգամ ՌԴ-ին, բայց Ադրբեջանին՝ երբե՛ք. Անդրանիկ Նիկողոսյան

Andranik-Nikoghosyan1Օրերս, երբ կարծիք հայտնեցի, որ Հայաստանը պետք է մտնի ՌԴ-ի կազմի մեջ, դրանից հետո հայաստանյան լրատվամիջոցներում բուռն քննարկումներ տեղի ունեցան, որին հետևել եմ մեծ ուշադրությամբ ու պատրաստ եմ տալ իմ պարզաբանումը. եթե ինչ որ բան ճիշտ չի հասկացվել, կամ դիտավորալ չեն ցանկանում ճիշտ հասկանալ, քանի որ ինձ ինչի մեջ ասես չմեղադրեցին:

Նախ, նշել եմ, որ նման որոշում պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով ու չեմ հորդորել դա անել, այլ գտել եմ, որ ՀՀ-ի քաղաքացիներն իրենք կհանգեն նման որոշման: Այսինքն, սա բացարաձակապես իմ անձնական կարծիքն է ու ոչ մի կերպ չի կարող մոսկովյան որևէ շրջանակի կողմից ուղղորդված լինել, երբ որոշման նախաձեռնող համարում եմ Հայաստանի քաղաքացիներին:

Երկրորդ, մենք տեսնում ենք, թե ինչպիսի վտանգներ են մոտենում Հայաստանի սահմաններին: Մասնավորապես, այնպիսի դաժան ու ֆանատիկ զինված խմբավորումներ, որոնք կանգ չեն առնում ոչնչի առաջ ու նրանց դեմ պայքարում առայժմ անզոր են անգամ «Աշխարհի մեծերը»: Աստված միարասցե, որ «Իսլամական պետության» արկածախնդիրները որոշեն իրենց ագրեսիվ ռազմական գործողությունները տարածել դեպի արևելք, այդ դեպքում կարող է և Հայաստանը չկարողանալ զերծ մնալ կործանարար վտանգից: Իսկ դրան որպես կանխարգելիչ քայլ նրանք պետք է ընկալեն այն, որ նման վտանգի դեպքում ՀՀ-ին կործանել չեն կարող, քանի որ, եթե կարծում են, որ Արևմուտքի հետ հակամարտության պարագայում ՌԴ-ն կարող է ամբողջ թափով չպաշտպանելիր ռազմավակական դաշնակցին, ապա ՀՀ-ն անգամ ՌԴ-ի հետ միացման քայլին կգնա, բայց թույլ չի տա իր երկիրը աշխահաքաղաքական հակամարտության թատերաբեմ դարձնել: Սա ես համարում եմ ուղղակի նախազգուշացում, որ ոչնչի էլ չեք հասնի, պարզապես ատոմային գերտերություն ՌԴ-ի սահմանները դեպի հարավ ավելի կընդլայնեք, որը ձեր շահերից չի բխում, ուշքի եկե՛ք:

Ի դեպ, ժամանակին, երբ հայտնի հրապարակախոս Զորի Բալայանն առաջարկությամբ հանդես եկավ, որ Ղարաբաղը կարող է միանալ ՌԴ-ին ու դրա համար անգամ պատմական հիմնավորումներ ներկայացրեց, այդ ժամանակ էլ գտնվեցին ճղճղան հայրենասերներ ու նրան դավաճան անվանեցին: Բայց հետագայում հասկացան Բալայանի խորամանկ քայլի իրական դրդապատճառը, որ եթե Ղարաբաղի հարցի կարգավորման ճանապարհին Ադրբեջանը փորձի ներքաշել Թուրքիային կամ էլ իսլամական ակտիվացող գործոնը որպես խաղաքարտ օգտագործել, ապա կկորցնի անգամ այն աննշան հույսը, որ երբևիցե կարող է Ղարաբաղը վերադարձնել ու դրանով իր միամիտ ժողովրդին «կերակրել» և իր տխրահռչակ պաշտոնավարումն արդարացնել, քանի որ Ղարաբաղը կանցնի անգամ ՌԴ-ին, բայց Ադրբեջանին՝ երբե՛ք: Ինչպես տեսնում ենք՝ Ղարաբաղը Զորի Բալայանի նամակով ՌԴ-ին չմիացավ, բայց հասկացողներն ամեն ինչ հասկացան:

Ափսոսում եմ, որ ստիպված եղա ինչ որ քայլեր բացահայտել, բայց եթե իմ հայրենակիցներն ավելի լավ կանխարգելիչ քայլեր ունեն՝ մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար, լավ կլինի հիմիկվանից անեն, քանի որ վտանգն ամեն քայլափոխի կարող է հասնել մեր երկրի սահմաններին:

Եվ պետք չէ կարծել, որ Մոսկվան այս կերպ փորձում է Հայաստանի հասարակությանը բան հասկացնել, կամ էլ տրամադրությունը ստուգել: Չմոռանանք, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի իշխանություններն են ցանկություն հայտնել մտնել Մաքսային միություն, հետագայում էլ՝ ԵԱՏՄ, և իրենք են համաձայնվել Հայաստանի ինքնիշխանությունից որոշակի զիջումներ անել՝ ՀՀ-ի անվտանգության դիմաց, ու անգամ համաձայնվել, որ մեր կամքով, ասել է թե՝ միակողմանի, չենք կարող որոշում կայացնել ու դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: Ու հաստատ այս ու նմանատիպ այլ որոշումների հարցում Անդրանիկ Նիկողոսյանի մատը խառը չէ:

Հուսով եմ՝ առաջիկայում ձեր հայրենասիրական պոռթկումներն ավելի արդյունավետ կօգտագործեք ու ճիշտ հասցեատեր կընտրեք, թե չէ Հայաստանն ինձնից պաշտպանելու ձեր խրոխտ կոչերն ընդամենը մեղմ ժպիտ են առաջացնում:

Խորին հարգանքով՝                                                         ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 


Այս թեմայով