Ղարաբաղը` անկախության դիմաց, պետք է տարածքներ զիջի Ադրբեջանին

ՈւորլիքՂարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: «Интерфакс» գործակալությանը երեկ տված հարցազրույցում նման հայտարարութուն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Դա կարգավորման պայմաններից է, բաց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, եւ բոլորն էլ հայտնի են: Մենք պետք է աշխատենք կողմերի հետ, որպեսզի այդ բոլոր պայմանները միավորելու միջոց գտնենք եւ հասնենք խաղաղ կարգավորման, դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր բնակիչները»:

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կատարյալ սցենարը Միացյալ Նահանգների համար՝ Ուորլիքն ասել է. «Նույնը, ինչ ռուսական եւ ֆրանսիական կողմի համար: Խաղաղ կարգավորման հասնելու փորձերը շատ երկար են տեւում եւ շատ ուժ են խլում: Հակամարտությունը շատ երկար ժամանակ է շարունակվում է, 20 տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել: Բայց այդ հակամարտությունը կարող է կարգավորվել: Մենք կարգավորման պայմաններ ունենք, դրանք հայտնի են մեզ, մենք քննարկել ենք դրանք»,- ասել է Ուորլիքը:

Միաժամանակ, նա  ընդգծել է, որ հակամարտության կատարյալ կարգավորումը ենթադրում է հաղթողների եւ պարտվողների բացակայություն: Նրա խոսքով, այն պետք է շահեկան լինի երկու կողմի համար էլ. «Որպես մարդ, որը բազմաթիվ տարիներ բանակցություններ է վարում այլ հարցերով, կարող եմ ասել, որ բանակցությունները չեն կարող հաջողված լինել, երբ կողմերից մեկը ստիպված է լինում զոհողությունների  ու զիջումների գնալ: Բանակցությունները հաջողված են լինում, երբ երկու կողմերն էլ շահում են՝ Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդները, ամբողջ տարածաշրջանն արժանի են, որ ապրեն խաղաղության եւ անվտանգության պայմաններում»:

 


Այս թեմայով