Ձեր ամբողջ պրակտիկայի ընթացքում ձեր վրա վերևից ճնշումներ եղե՞լ են. Միքայել Մելքումյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել Ելիզավետա Դանիելյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցով դիմեց դատավորի թեկնածուին. «Ձեր ամբողջ պրակտիկայի ընթացքում ձեր վրա վերևից ճնշումներ եղե՞լ են, որ այս կամ այն որոշումը կայացնեք, որովհետև հայտնի է, որ մեր դատական համակարգում այդ պրակտիկան կա»։

Ի պատասխան՝ Ե. Դանիելյանն ասաց, որ ինքը երբեք չի առնչվել նման երևույթի հետ. «Երբևէ դատական պրակտիկայի ընթացքում անձամբ ես չեմ առնչվել նման պրակտիկայի հետ, որ վերևից կամ որևէ այլ մարմնի կողմից փորձ արվեր ուղղորդել»։

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին չբավարարեց պատասխանը։ Նա հիշեցրեց «Սասնա ծռերի» գործը, երբ նախկինում նրանց խափանման միջոցները չէին փոխվում, հիմա ազատ են արձակվում։
«Այդ ի՞նչը փոխվեց։ Որևէ դեպքում ձեր ամբողջ պրակտիկայում չի՞ եղել, որ վերևից ասեն՝ այս որոշումը այդպես պետք է լինի։ Այդ դեպքում հիմա այդ ի՞նչ պրոցեսներ են գնում, զարմանալի է։ Ես կխնդրեի, որ դուք անկեղծ լինեք, անկեղծ ասեք, որովհետև դրանից շատ բան է կախված», — հետաքրքրվեց Մելքումյանը։
Ի պատասխան՝ Ելիզավետա Դանիելյանը ասաց. «Ես չեմ պատկերացնում, որ անկեղծությունը անպայման այն պատասխանը հնչեցնելն է, որը մոդայիկ կլիներ։ Ես ասում եմ, որ իմ պրակտիկայում չեմ հանդիպել նման դեպք»։
Խափանման միջոցների փոփոխության մասով, Դանիելյանը նկատեց, որ դա այն պատճառով է, որ դատարանները սկսել են բնականոն աշխատել, քանի որ փաստաբանները գալիս են դատարան, մասնակցում են նիստերին և դատական գործընթացները սկսել են առաջ ընթանալ։

Այս թեմայով