«Ձեռքներդ հեռու Արցախից». Լավրովին Երևանում կդիմավորեն բողոքի ցույցով

ԼավրովԱպրիլի 21-22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կլինի Երևանում՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս կապակցությամբ «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» է կազմակերպվելու: Ապրիլի 21-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակից երթը կշարժվի դեպի Հայաստանի արտաքին գործերի նախարարություն և ՌԴ դեսպանատուն՝ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ հնչեցնելու երթի պահանջները:

Ինչպես ասվում է նախաձեռնության կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ, «գիտակցելով պահի լրջությունը և ԶԼՄ-ներով շրջանառության մեջ դրված հակահայկական ծրագրերի վտանգավորությունը արյունով վերանվաճված ու պաշտպանված Արցախի Հանրապետության համար, երթի մասնակիցները կներկայացնեն իրենց պահանջները»:

«Մենք, դասեր քաղելով Արցախի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, իրականացրած պատերազմական հանցագործություններից, հատկապես՝ ապրիլյան չորսօրյա պատերազմի ժամանակ, հայտարարում և պահանջում ենք՝

1. Հայաստանը և Արցախը Ադրբեջանին որևէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն

2. Արցախի խաղաղության և անվտանգության միակ ապահովող եղել է և պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին և այլոց պաշտպանելու համար

3. Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ

4. Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը

5. Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել եւ օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ»,-ասվում է նախաձեռնության կազմակերպիչների հայտարարության մեջ:

Դիտվել է 1,334 անգամ
 


Այս թեմայով