Ձեզ իջեցնելու եմ «պարկետի» վրա.Փաշինյանը` Աշոտյանին

rus13787215885«Այս նախագծով առաջարկվում է ԲՈՒՀ-երի որոշակի սոցիալական շերտերի պատկանող ուսանողների համար նախատեսել որոշակի զեղչեր` կապված ուսման վարձերի հետ և մի մասի համար որոշ հնարավորություններ ստեղծել: Իհարկե, սա լավ է: Մենք հակառակի բազմաթիվ օրինակներ ունենք: Վերցրեք, օրինակ ՀՀ Սահմանադրությունը: Այնտեղ կտեսնեք ոսկեղենիկ հայերենով շարադրված փայլուն մտքեր: Եկեք դուրս գանք և տեսնենք իրականությունը, որը ստեղծվել է այդ Սահմանադրության գործունեության արդյունքում: Ոսկեղենիկ տեքստերի հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Սա նշանակում է, որ գաղափարները, օրենքները, դրանց կիրառումը կապված է ոչ միայն ձևակերպումների գեղեցկության, այլև այն մթնոլորտի հետ, որոնք առկա են միջավայրում»,-խոսելով  «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի մասին` ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հավելելով, թե երեկ ԿԳ նախարարին շատ պարզ հարց էր տալիս.

«Որպեսզի բոլորս ունենանք հիմքեր, որ մարդկանց սոցիալական վիճակը չի օգտագործվելու` նրանցից երիտհանրապետականների նորանոր խմբակներ ձևավորելու համար և, փոխանակ նախարարը պատասխանի պատգամավորի` իրեն ուղղված հարցին, սկսում է ինչ-որ շուտասելուկներ, հանելուկներ ասել, սրախոսություններ է անում, գլուխկոտրուկներ արտադրում»,-ասաց Փաշինյանը` Արմեն Աշոտյանին խորհուրդ տալով լրջանալ:

«Ասում է, թե Տնտեսագիտականի ուսանողները ներողություն են խնդրել, բայց ՀՀ որևէ օրենքի որևէ կետում ներողություն անունով կարգապահական տույժ գոյություն չունի: Ոնց տեսախցիկների առջև հայհոյել են լրագրողներին, այնպես էլ դրանց առջև թող ներողություն խնդրեն: Ասում է` լավ, եկեք, չխոսենք այդ մասին: Սա արդեն սովորություն է: Ասում են, թե դե չխոսենք Մարտի 1-ի մասին, էդքան խոսեցինք, արդեն ժամանակն անցավ: Էն կոռուպցիոն դեպքերի մասին, ընտրությունների կեղծված լինելու մասին չխոսենք: Ո’չ, այդպես չի լինի: Պետք է խոսենք այնքան, մինչև համապատասխան հետևություններ անենք: Ինչու է ասում` չխոսենք: Որովհետև սովորել է, որ կարող է գալ, այս ամբիոնից փայլուն վեղար հագած հրեշտակի կերպարով, ինչպես ինքն էր երեկ ասում, թևածել ԱԺ դահլիճում: Ո’չ, պարոն Աշոտյան, ամեն անգամ, երբ փորձեք հրեշտակային բարեփոխիչի կերպարով թևածել այս ամբիոնում, հարցադրումներով ես ինքս Ձեզ իջեցնելու եմ պարկետի վրա»,-եզրափակեց պատգամավորը` հավելելով, որ խոսում են այնպես, իբր թե կրթական համակարգը փրկել են, սարքել են, կառուցել են:

 


Այս թեմայով