ՀՔԾ-ն Արմեն Գրիգորյանի ձերբակալության մասին

Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է Արմեն Գրիգորյանը, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Այսպես, ըստ աղբյուրի, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Արմեն Գրիգորյանը այլ անձանց հետ միասին անտեսելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները` այդ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2018թ. ապրիլի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում դիտավորությամբ կազմակերպել, անցկացրել և ղեկավարել է հանրային հավաք, այդ թվում՝ երթեր, առանց այդ մասին գրավոր իրազեկելու Երևանի քաղաքապետարանին:

Չնայած ոստիկանության բազմաթիվ իրազեկումներին և նախազգուշացումներին` Ա. Գ.-ն և մյուսները չեն կատարել վերը նշված օրենքով սահմանված` հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու իրենց պարտականությունները: Ավելին, շարունակելով անօրինական գործողությունները, Ա. Գ.-ն հավաքի մասնակիցների հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ:

Մասնավորապես, ապրիլի 13-ին ժամը 15:00-ի սահմաններում, Ա. Գ.-ն մյուսների հետ հավաքի մասնակիցներին ուղղորդել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարան: Ա. Գ.-ն և անօրինական հավաքի մյուս մասնակիցները, վնասելով ԵՊՀ-ի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետև, տևական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Այնուհետև, անտեսելով ոստիկանության օրինական պահանջը և շարունակելով անօրինական հավաքն ու զանգվածային անկարգությունները, 16.04.2018թ.-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ա. Գրիգորյանը հավաքի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով ուղղորդել է դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք` փորձելով ապօրինի ներխուժել այնտեղ:

Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել և փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում անօրինական հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Ա. Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:
Արմեն Գրիգորյանին ձերբակալելու տեսանյութը՝ ստորև.

Այս թեմայով