Հրդեհը կարո՞ղ է կապ ունենալ նոր հանք շահագործելու ցանկության հետ

Արդեն 5 օր է Հայաստանում չեն կարողանում մարել Վայոց Ձորի մարզում բռնկված հրդերը: Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:  Հրդեհը ոչնչացրեց ավելի քան 230 հեկտար տարածք իր ողջ էկոհամակարգով: Արտավանի հրդեհից երկու օր անց խոշոր հրդեհ բռնկվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որը մինչ օրս չի մարվել և ՀՀ ԱԻՆ-ը դիմել է Ռուսաստանի Դաշնության օգնությանը: Այս պահի դրությամբ, ըստ նախնական տվյալների «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այրվել է ավելի քան 10 000 հեկտար տարածք:

Իհարկե այս երկու հրդեհների առաջացման մանրամասնները դեռևս հայտնի չեն և դեռ դժվար է ասել, թե որն է եղել հրդեհների պատճառը, սակայն հետաքրքիր է, որ Արտավանի հարևանությամբ բռնկված հրդեհի տարածքում հանք շահագործելու խոսակցություններ են եղել: «Թոռնիկ Եվա» ՍՊԸ–Սիսկատար–Արտավան հանքային դաշտում նախատեսում է կատարել ոսկի–բազմամետաղային հանքայնացման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:

«Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ն նախատեսում է Սիսիանի հանքային շրջանի Սիսկատար-Արտավան հանքային դաշտում կատարել ոսկի-բազմամետաղային հանքայնացման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:

Սիսկատար-Արտավանի հանքային դաշտը լեռնագրորեն տեղակայված է Զանգեզուրի լեռնաշղթայի Սիսկատար լեռան լանջերին և հարակից տարածքում:  Գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հատման կետում՝ հայ-ադրբեջանական Նախիջևանի սահմանի մոտ:

Նախագծի համաձայն՝ հորատման և նմուշարկման աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի պարզեն հանքայնացման բնույթը խորքերում: 20 հորատանցք է նախատեսվում հորատել:

Ուսումնասիրվելու է ավելի քան 6000 հա տարածք, որից շուրջ 4000 հա-ն պատկանում է Զառիթափ համայնքին, իսկ 2100 հա-ն՝ Շաղատ համայնքին:

Զառիթափը խոշորացված համայնք է, որի կազմում միավորվել են Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս գյուղական համայնքները:

Արտավանի հարակից տարածքում մեկ այլ ընկերություն ևս ցանկացել է հանք շահագործել: Այս մասին ևս կան հրապարակումներ, որտեղ կարող են ծանոթանալ մանրամասներին:

«Կապույտ» բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության հայտը 2015 թվականին բնապահպանության նախարարություն ներկայացրեց «Սենտերա Մայնինգ» ՍՊԸ-ն:

«Կապույտ» հանքերևակումը տեղակայված է Վայոց ձորի լեռնաշղթայի հարավային լանջերին, Մարտիրոս գյուղից 6.7 կմ դեպի արեւելք-հարավ- արեւելք, Գոմք գյուղից 2.6 կմ դեպի հարավ, եւ Արտավան գյուղից 4.5 կմ դեպի հարավ-արևմուտք: Ուսումնասիրությունների համար փորելու են 10 հորատանցք, անցկացնելու են հետախուզաառուներ, մագիստրալ առուներ, վերակառուցելու են դեպի հանքերևակում տանող ճանապարհը: Հետազոտության արդյունքում որոշվելու է հանքաքարում ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի, բիսմուտի, սելենի, թելուրի պարունակությունը:

Սա իհարկե դեռևս մեղադրանք չէ նշված ընկերությունների հասցեին, սակայն պատկան մարմինները այս հրապարակումները ևս պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեն: Պետք է հասկանալ արդյո՞ք հանքի հնարավոր շահագործման ցանկությունը կապ ունի այս հրդեհի հետ:

 


Այս թեմայով