Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Հրապարակ». ԱԻՆ նախարարի փրկած ինքնասպանը «Բլեֆ» հաղորդման հեղինակներից է եղել

«Հրապարակ». ԱԻՆ նախարարի փրկած ինքնասպանը «Բլեֆ» հաղորդման հեղինակներից է եղել

7236«Հրապարակը» գրում է, թե դեմքը սպիտակ թաշկինակով ծածկած տղան, որին նախարար Արմեն Երիցյանը հոկտեմբերի 17-ին հանդիպեց Դավթաշենի կամրջին եւ համոզեց, որ ցած չնետվի, մեկ օրում հայտնի դարձավ՝ Վարդան Ստեփանյան, Հրազդանի բնակիչ, 32 տարեկան:

«Ինքնասպանության պատճառը, ինչպես նա նշել էր, մեծ պարտքերն էին, եւ նախարար Երիցյանը, որ խոստացել էր օգնել Վարդանին, պահեց խոստումը: Երեկ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը հայտնեց, որ Վարդան Ստեփանյանին օգնել են աշխատանքի տեղավորվել Երեւանի սուպերմարկետներից մեկի անվտանգության ծառայությունում՝ 110 հազար դրամ աշխատավարձով:

Արտառոց այս դեպքն արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է նաեւ Հրազդանում, որի բնակիչները միանգամից չեն ճանաչել իրենց համաքաղաքացուն, իսկ ճանաչելուց հետո մտաբերել են որոշ մանրամասներ նրա անցյալից: Մեր աղբյուրները փոխանցում  են, որ Վարդան Ստեփանյանը նախկինում աշխատել է տեղի ոստիկանությունում, սակայն հեռացվել է աշխատանքից:

Հրազդանցիներին Վարդան Ստեփանյանն ավելի հայտնի է «Բլեֆ» կոչվող հաղորդումից: Թաքնված տեսախցիկի սկզբունքով նկարահանվող այս հաղորդումը նա պատրաստում էր ոմն Գագիկ Աթասյանի հետ: Սկզբում զավեշտալի իրավիճակներ էին «սարքվում» հրազդանցիների գլխին: Օրինակ, փողոցում սրտի կաթված էին նմանակում եւ նկարահանում, թե ինչպես են իրենց համաքաղաքացիները վազում օգնության: Հետագայում կատակներն ավելի դաժան դարձան, տեղ-տեղ նմանվելով խարդախության: «Նրանք, օրինակ, մտնում էին գյուղ, ասում էին՝ տանդ վարձը չես տվել, հարկադիրը եկել է եւ քեզ պետք է տուգանի էսքան-էսքան գումար, փող էին պոկում ու տանում էին»,- պատմում է Հրազդանի մեր գործընկերը, որն այդ տեղեկություններն ստացել է Վարդան Ստեփանյանի նախկին շրջապատից:

Հրազդանում պատմում են, որ բացառված չէ, որ հենց այս քաջագործության համար են նրան ազատել ոստիկանության շարքերից: Իսկ թաքնված տեսախցիկից տուժածներն իրենց մեթոդներով են պատժել բլեֆիստին՝ նրան ուղղակի ծեծել են»,- գրում է թերթը:

Դիտվել է 123 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy