Հրապարակվեց վաղվա գործողությունների ծրագիրը․ վաղը առավոտյան 8։15-ից պետք է սկսվեն զանգվածային անհնազանդություններ

Այսօրվա երեկոյան հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վաղվա գործողությունների ծրագիրը, որին պետք է մասնակցեն բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուրը՝ յուրովի:

«Վաղը առավոտյան 8։15 րոպեից պետք է սկսվեն զանգվածային քաղաքացիական անհնազանդությունների գործողություններ ու այդ գործողությունները պետք է անեք դուք, սիրելի հայրենակիցներ, դուք՝ ձեր, ես՝ իմ մասով, այդ գործողությունները որևէ մեկին վտանգի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասաց Փաշինյանը։

Նշվեց, որ նախեւառաջ պետք է արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները. «Խոսքը հատկապես Դավիթաշենի, Հաղթանակի, Կիևյան կամուրջների մասին է։ Այն քաղաքացիները, ովքեր, օրինակ, երթևեկում են Դավթաշենի կամրջով, նրանց մեքենան փչանում է և նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում ու ոտքով շարժվում են Բաղրամյան պողոտա, չեն կարողանում շարժվել մյուս բմեքենաները, ստեղծվում է խցանում, իսկ վարորդը ճանապարհին ում տեսնում, ասում է, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մոտակայքում։ Սա շատ կարևոր է։ Կարող է բենզինը պրծնի, ակումլյատորը նստի, անվադողը նստի, կամ այլ բան։

Հաջորդ քայլը՝ արգելափակել բոլոր երթեւեկելի փողոցները. ով տնից դուրս եկավ, փողոցի կենտրոնում է ավտոն պատահաբար փչանում, նույն կամուրջների նման, դռները փակում է, իջնում ոտքով գնում Ազգային ժողով։

Վաղը Երևանի Մետրոպոլիտենը սկսում է աշխատել ու կանգնում է։ Ո՞նց է կանգնում, մարդիկ՝ ուղևորները չորս-հինգ հոգանոց խմբերով, երբ որ գնացքը կանգառում կանգնում է, դռները բացվում են, դռների մեջ պառկում են, որովհետեւ եթե մետրոյի  դռները չեն փակվում, գնացքը չի կարող գնալ։ Մարդիկ քայլելով գալիս են Բաղրամյան պողոտա, ում տեսնում են ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մոտ։ Մետրոյում կփորձեն բերման ենթարկել, սակայն իրենց ուժերը չեն բավարարի, հավելյալ ուժեր պետք է կանչեն, իսկ եթե փողոցները փակ լինեն, խցանումներ լինեն, ոստիկաննական ուժերը չեն կարող մոտենալ: բանկոմատներին մոտեցեք առավոտյան 8:15-9:00-ի միջակայքում, ովքեր բանկային քարտեր ունեն, հանեք բոլորդ գումարները, դրեք ձեր գրպանը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նաեւ կոչ արեց չներկայանալ աշխատանքի ու դասի, հայտարարել դասադուլ, գործադուլ, օրինակ՝ որպես հիվանդ, կամ իբր դեպք է պատահել չներկայանալ աշխատանքի ու հավաքվել Ազգային ժողովի մոտ:

«Մարդիկ աշխատանքի չեն գնում, որովհետև քաղաքում խցանում է, մարդիկ չեն գնում աշխատանքի, մարդիկ գալիս են Ազգային ժողով։ Երիտասարդները կարող են տրոլեյբուսների շտանգաներն իջեցնել, ավտոբուսների առաջ պառկել, ոչ մեկին չվիրավորել, ներողություն խնդրել անհարմարությունների համար։ Ուսանողները հայտարարում են դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ, խցանումներ են, երեխեքին իզուր դպրոց չտանեք, որ խցանումների մեջ չընկնեն, երեխաներին թողեք տանը, ուսուցիչները թող քայլելով գան Ազգային ժողով»:

Փաշինյանը նշեց, որ այս գործողությունները տեղի են ունենում անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ գիշերը Ֆրանսիայի հրապարակի նկատմամբ ինչ-որ գործողություններ տեղի ունենան, անգամ եթե իրեն կալանավորեն, միեւնույն է, ժողովուրդը պետք է անհնազանդության դիմի, քանի որ եթե անգամ իրեն կալանավոորեն, հետո պարտավոր են իրեն բերել Ազգայն ժողով։

Այս թեմայով