Հրանտ Մարգարյանը զբաղվել է թմրաբիզնեսով. «Չորրորդ իշխանություն»

Hrant-MargaryanԱյս հայտարարությունը Ռուստամյանն արել է այն բանից հետո, երբ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցրել են՝ արդյո՞ք Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, թե ոչ։ Բնականաբար, ընդամենը օրեր առաջ իշխանության մաս դարձած ՀՅԴ-ի ներկայացուցիչն էլ շտապել է բացասական պատասխան տալ՝ «Ոչ»։

«Եթե այսօրվա գնահատականները հիմք վերցնենք՝ միանշանակ քաղբանտարկյալ ենք, բա քաղբանտարկյալները էլ ո՞նց են լինում։ Ես բանտարկվում եմ մահապատժի ենթակա երկու հոդվածներով, գումարային 65 տարով, բայց հետո դատարանը որոշում է, վերաորակավորում է, փոխում է պատժամիջոցները եւ 3 տարի է որոշվում պատիժը»,- ասել է Արմեն Ռուստամյանը եւ հավելել, որ իրենցից հետո Հայաստանում քաղբանտարկյալ չի եղել։ Բացի այդ, Արմեն Ռուստամյանը երեկ նաեւ ասել է. «Ինձ շատ են ասել՝ ինչու չեք գնացել արդարացման։ Ես չեմ էլ արդարացել, համարել եմ, որ պայքարել եմ իշխանությունների դեմ, կոչեր եմ արել։ Այդ պայքարի համար, առնվազն՝ կոչերի համար նախատեսված է եղել պատիժ։  Եթե արդարանայի, դուրս կգար, որ ես էդ կոչերը չեմ արել՝ լավ էլ արել եմ, լավ էլ պայքարել եմ, նստել եմ եւ դրա համար չեմ զղջում։ Մի հատ էլ լինի՝ նույնը կանեմ»։

Ուշադրություն դարձրեք՝ մի կողմից Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե ինքն ու 90-ականների սկզբներին ձերբակալված ՀՅԴ-ականները եղել են քաղբանտարկյալ, բայց մի քանի րոպե անց ընդունել է, որ ինքը, այնուամենայնիվ, այն ժամանակ գործող քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է կատարել ու չի զղջում այդ ամենի համար։ Համաձայնվեք, սա մեղմ ասած տարօրինակ է, եւ այսպես Ռուստամյանը հերքել է քիչ առաջ իր արտահայտած կարծիքը։

Եվ հետո, եթե ընկեր Արմենի կարծիքով, 90-ականներին ձերբակալված ՀՅԴ-ականները քաղբանտարկյալներ են, ապա ինչո՞ւ «Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանն ու Արսեն Արծրունին, «31»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Տիգրան Ավետիսյանը շարունակում են մնալ բանտերում։ Ինչու այս գործերով անցնող ՀՅԴ-ականները՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, 1998թ. պետական հեղաշրջումից հետո դուրս եկան բանտերից, այն էլ՝ առանց արդարացման դատավճիռների, դարձան իշխանության մաս, եւ այս ողջ ընթացքում նրանք որեւէ քայլ չեն արել ՀՅԴ-ական «քաղբանտարկյալ» ընկերներին ազատ արձակելու ուղղությամբ։ Թե՞ այսպես ՀՅԴ-ականներն ընդունում են, որ 1998թ. հեղաշրջումից հետո բանտից դուրս եկած դաշնակները քաղբանտարկյալներ են, իսկ բանտում մնացած ՀՅԴ-ականները՝ հանցագործ։

Արմեն Ռուստամյանի հայտարարությունների մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս։ Արմեն Ռուստամյանը «քաղբանտարկյալ» էր դարձել, այսինքն՝ ձերբակալվել էր «31»-ի գործի շրջանակներում՝ 1995թ. հուլիսին՝ իշխանությունը բռնի տապալելու կոչեր հնչեցնելու, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչություն նախապատրաստելու համար։

Իսկ հիշո՞ւմ եք՝ ո՞ր մարմինը բացահայտեց այդ ահաբեկչական խմբավորումը։ ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը, որը այն ժամանակ ղեկավարում էր Սերժ Սարգսյանը։ Այն Սերժ Սարգսյանը, որն այսօր զբաղեցնում է նախագահի պաշտոնը, եւ որի ղեկավարած կուսակցությունն օրերս ՀՅԴ-ի հետ ստորագրեց քաղաքական համագործակցության համաձայնագիր։ Ու ստացվում է, որ Արմեն Ռուստամյանն այսպես նաեւ Սերժ Սարգսյանին է մեղադրում 1990-ականներին Հայաստանում քաղբանտարկյալների առկայության համար։ Ընդ որում, այդ մեղադրանքները ներկայացնում է այսօր, երբ արդեն ՀՅԴ-ն իշխանության մաս է։

Ի դեպ, հպանցիկ մի քանի խոսք «Դրո» եւ «31» գործերի մասին։ «Դրոյի գործի» մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ ՀՅԴ ներսում 90-ականներին գործել է «ԴՐՈ» անվանումով գաղտնի հետախուզական կառույց, որի ղեկավարը եղել է Հրանտ  Մարգարյանը, որը կուսակցության ներսում ունեցել է 03 կոդը եւ «Սադամ» ծածկանունը։ «ՀՅԴ անդամների նկատմամբ ոտնձգություններ կատարած, ՀՅԴ կուսակցական գաղափարներին դավաճանած, կուսակցության նկատմամբ վնասարար գործունեություն ծավալած առանձին անձանց վրա հարձակվելու, ահաբեկչություն կատարելու եւ հաշվեհարդար տեսնելու, ինչպես նաեւ անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու եւ թմրաբիզնեսով զբաղվելու նպատակով մեղադրյալներ Հրանտ Մարգարյանն ու Արսեն Արծրունին 1992թ. դեկտեմբերին ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծել են «Դրո» անվանումով գաղտնի հետախուզական կառույց՝ կայուն զինված բանդա, որի անդամները գաղտնի հետապնդել եւ հավաքագրել են մարդկանց…»,- ասված է այդ գործի մեղադրական եզրակացության մեջ։

Ավելին, այդ փաստաթղթից տեղեկանում ենք, որ ՀՅԴ ներսում գործած «Դրո» ահաբեկչական կառույցը երկու խոշոր գործողություն է իրականացրել՝ «Քերոբ» եւ «Թոփ-1» անուններով։ «Քերոբ» գործողության հետեւանքով 1993թ. հոկտեմբերի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամների կողմից սպանվել են ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանն ու նրա կինը՝ Նունե Մարուքյանը, իսկ 1994թ.մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության հետեւանքով սպանվել է դաշնակցական Գագիկ Սահակյանը։

Ինչ վերաբերում է «31»-ի գործին, ապա Սերժ Սարգսյանի ղեկավարած ԱԱ նախարարությունը 1995թ. հուլիսի 29-ին տարածել էր հայտարարություն՝ տեղեկացնելով. «ԱԱ եւ ՆԳ նախարարությունների համապատասխան ծառայությունների համատեղ գործողությունների ընթացքում հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը Երեւանում վնասազերծվել է հանցավոր ահաբեկչական խումբ, որը ծրագրել էր հուլիսի 29-ին ԱԺ կրկնական ընտրությունների օրը  իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ երկրի հայտնի քաղաքական գործիչների դեմ… Ահաբեկիչները ձերբակալման պահին ցույց են տվել զինված դիմադրություն։ Շուրջ տասը րոպե տեւած փոխհրաձգության արդյունքում ՆԳՆ զինծառայողների շարքում կան վիրավորներ։ Առայժմ ձերբակալված է ահաբեկչական խմբի 9 անդամ, որոնց թվում ՀՅԴ բյուրոյի անդամներ։ Խմբի եւս մի քանի անդամներ գտնվում են հետախուզման մեջ» (ՆԳՆ երկու աշխատակից այդ օրը ստացած վնասվածքներից մահացել էր)։

Ամբողջական նյութը «Չորրորդ իշխանություն» թերթում

Դիտվել է 2,433 անգամ
 


Այս թեմայով