Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը Ստամբուլում. լուսանկարներ

Ստամբուլում րոպեներ առաջ մեկնարկել է պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Ակօս»-ը, միջոցառումն ամեն տարվա պես տեղի է ունենում Հրանտ Դինքի սպանության վայրում՝ «Ակօսի» նախկին խմբագրատան դիմաց: Ամեն տարի Դինքի հազարավոր համախոհներ հավաքվում են նույն վայրում՝ Դինքի սպանվելու ժամին՝ 15:05-ին:

Այս անգամ նույնպես միջոցառմանը ներկա են բազմաթիվ հայ, թուրք, քուրդ և այլազգի մտավորականներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ և իրավապաշտպաններ ու պարզապես հասարակ քաղաքացիներ:

Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայում, որտեղ տեղի է ունենում միջոցառումը, շենքերից կախված են «Հրանտ 12», «Չենք հրաժարվի, ախպարի՛կ», «Արդարություն ենք ուզում», «Հանուն Հրանտի, հանուն արդարության» գրություններով բազմաթիվ պաստառներ:
Հայտնի է, որ Հրանտ Դինքի հիշատակին երթեր են սպասվում նաև մայրաքաղաք Անկարայում, Իզմիր և Դատչա քաղաքներում:

Այս թեմայով