Հրանուշ Հակոբյանի սենսացիոն բացահայտումը՝ արտագաղթի մասին

Hranush-e1350402712409Ինչպես տեղեկացրել էինք, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել էր Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության թեմային և ասել, որ Ռուսաստանը նույնպես Եվրոպայի մաս է, պետք չէ աղետ սարքել։ Նա նաև ասել էր, որ կարևորը Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրներն են։ Սակայն Հրանուշ Հակոբյանի պատասխանի մեջ կար մի շատ ուշագրավ խոստովանություն, որը, կարծում ենք, դեռ երկար կարող է քննարկվել։ Եթե ուշադիր կարդաք այս հարց ու պատասխանը (որը ներկայացված է բառացի), թերևս կարող եք գլխի ընկնել՝ խոսքն ինչի մասին է։

Հարց — Ձեզ համար ԵՄ-ի հետ համաձայնագի՞րն է ձեռնտու, թե՞ Մաքսային Միությանն անդամակցությունը։

Պատասխան – Գիտեք, էդպիսի բաներ չկան և որևէ մեկը չի ասել, որ Եվրոպայի առաջ մենք մեր դռները փակեցինք: Սփյուռքի նախարարության ու ընդհանրապես ցանկացած հայի համար առաջին հերթին Հայաստանի, Արցախի անվտանգության, ապահովության խնդիրները ամեն ինչից վեր են: Եվ հետո՝ այդ տարածքում ապրում է երեք ու կես միլիոն հայ և մենք շահագրգռված ենք, որ մեր հարաբերությունները փայլուն լինեն: Իսկ ո՞վ ասաց, որ սա առաջին քայլն է, առաջին դեպքն է, որ մենք գնում ենք դեպի Մաքսային միություն… 1992 թվականից մեր ռազմաքաղաքական դիրքորոշումը… Ստորագրվել է պայմանագիր, մենք գնում ենք այդ ուղղությամբ: Գտնում եմ՝ ճիշտ քայլ ենք կատարում` համագործակցել բոլոր կազմակերպությունների, կառույցների հետ, որտեղ նաև հաշվի կառնվեն մեր գերակա շահերը: Ուշադրություն դարձրեցի՞ք «այդ տարածքում ապրում է երեք ու կես միլիոն հայ» արտահայտությանը։

Ակնհայտ է, որ Հրանուշ Հակոբյանը խոսում է կամ կոնկրետ Ռուսաստանի, կամ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան տարածքի մասին։ Որքա՞ն հայ է ապրում այդ «տարածքում»՝ իրո՞ք 3.5 միլիոն։ Մինչդեռ մինչև վերջերս, տարբեր գնահատականներով, խոսվում էր, որ Ռուսաստանում ապրում է մոտ 2 միլիոն հայ։ Ըստ Wikipedia հանրագիտարանի՝ Ռուսաստանում ապրում է 2 միլիոն 250 հազար հայ։ Ամենամեծ թիվը վերջերս հնչեցրել էր միայն Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ Պուտինին հարց ուղղելու ժամանակ։ Նա նշել էր, որ Ռուսաստանում ապրում է 2.5 միլիոն հայ։ Բելառուսում և Ղազախստանում հայերի թիվը բավականին փոքր է՝ միասին մոտ 100 հազար։ Այսինքն՝ մինչ օրս հնչած գնահատականներով Մաքսային Միության տարածքում ապրում է առավելագույնը 2.6 միլիոն հայ։ Լավ, ընդունենք, որ 10% սխալ կարող է լինել. թող լինի 2.9 միլիոն։ Սա առավելագույնն է, եթե առջնորդվենք հասանելի տվյալներով և տրամաբանությամբ։ Իսկ հիմա սփյուռքի նախարարը հայտարարում է 3.5 միլիոնի մասին։

Եթե նա ճիշտ է (իսկ մենք չենք կարծում, որ սփյուռքի նախարարը կարող է ոչ ստույգ տեղեկություններ հրապարակել), ապա նշանակում է, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի հայերի թիվն ավելացել է շուրջ 600 հազարով։ Ու քանի որ հայերը Ռուսաստան են գնում ոչ թե Մոզամբիկից, այլ հիմնականում Հայաստանից, ապա սա նշանակում է, որ Հայաստանից տեղի է ունեցել սարսափելի մեծ մասշտաբների արտագաղթ՝ դեպի Ռուսաստան և ՄՄ մյուս երկու երկրներ։ Այսինքն՝ Հրանուշ Հակոբյանն անուղղակիորեն խոստովանել է, որ Հայաստանը արագ դատարկվում է։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա նա իրոք մոտ ապագայում կարող է դառնալ համայն հայության նախարար։

Հ.Գ. – Ի դեպ, երբ Արա Աբրահամյանը ասել էր է, որ Ռուսաստանում կա 2,5 միլիոն հայ, Պուտինը հարցրել էր՝ իսկ Հայաստանո՞ւմ քանի հայ կա։ Արա Աբրահամյանի պատասխանանին, թե Հայաստանում «3,2 միլիոնից մի քիչ ավելի հայ կա», Ռուսաստանի նախագահը հակադարձել էր. «Դա հայկական գնահատականներով: Մեր տվյալներով՝ ավելի քիչ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/10/30/293848.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայ

Դիտվել է 209 անգամ
 


Այս թեմայով