Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հրայր Թովմասյանի ունեցվածքը պակասել է. պարզաբանում

Հրայր Թովմասյանի ունեցվածքը պակասել է. պարզաբանում

հրայր-թովմասյանԻ պատասխան Politik.am կայքում հրապարակված՝ «Հրայր Թովմասյանը 40 անգամ մեծացրել է իր հարստությունը. նա հիմա միլիոնատեր է» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք.
Նախ հարկ է փաստել, որ հրապարակման հեղինակն ունեցվածքի և հարստության, ինչպես նաև հարստանալու մասին ունի առանձնահատուկ, ընդհանուր տրամաբանությունից տարբերվող պատկերացումներ: Հրապարակման հեղինակի համար հարստանալ կարող է համարվել, օրինակ՝ բնակարանի վաճառքից ստացած գումարը: Հակառակ դեպքում անհնար է, անգամ պարզ տրամաբանությամբ, հիմնավորել, թե ինչպես է այդ հեղինակն իր հրապարակման մեջ նշում, որ վաճառվել է բնակարան, բայց հետևության գալիս, թե իբր դրա արդյունքում տեղի է ունեցել հարստացում:
Այսպես, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրերից, որը հրապարակման հեղինակն իբր նյութի աղբյուր է օգտագործել, պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանը վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը 60 միլիոն ՀՀ դրամով: Ի դեպ, այս բնակարանը Հրայր Թովմասյանն ուներ մինչև արդարադատության նախարար նշանակվելը, այն ձեռք է բերվել դեռևս 2001 թվականին, ինչը հստակ նշված է, օրինակ՝ 2011 թվականի համար ներկայացված հայտարարագրում (Հ.Թովմասյանը արդարադատության նախարար է նշանակվել 2011թ. դեկտեմբերի 17-ին): Բացի բնակարանը՝ Հրայր Թովմասյանը, ըստ հայտարարգրերի, ունեցել է նաև 70 միլիոն ՀՀ դրամ, 65 հազար ԱՄՆ դոլար և 5 հազար Եվրո: Բնակարանը, կրկին ըստ հայտարարգրի, վաճառվել է 60 միլիոն ՀՀ դրամով, ինչը նշանակում է, որ վերջնական արդյունքում պարոն Թովմասյանը պետք է ունենար 130 միլիոն ՀՀ դրամ, 65 հազար ԱՄՆ դոլար և 5 հազար Եվրո: Այսինքն, դրամային ունեցվածքն աճել է, սակայն պակասել անշարժ գույքը: Այս դեպքում անգամ դպրոցական երեխան կփաստի, որ ունեցվածքի ավելացում տեղի չի ունեցել, այլ մեկ գույքը փոխարինվել է մեկ այլ գույքով, տվյալ դեպքում՝ բնակարանը՝ ՀՀ դրամով: Այսքանն էլ բավական է, որ հիմնավորված համարենք վերոհիշյալ հրապարակման անհեթեթությունը, սակայն ուսումնասիրենք նաև Հրայր Թովմասյանի վերջին հայտարարգիրը, որը նաև հրապարակման հեղինակն է փորձել ներկայացնել: Այսպիսով, ըստ վերջին հայտարարգրի պարոն Թովմասյանն ունի 100 միլիոն ՀՀ դրամ (մինչդեռ՝ «հարստանալու» համար պետք է ունենար 130 միլիոն), 58 հազար ԱՄՆ դոլար (մինչդեռ՝ «հարստանալու» համար պետք է ունենար 65 հազար) և չունի Եվրո, մինչդեռ՝ «հարստանալու» համար պետք է ունենար 5 հազար Եվրո: Չակերտներով նշելով «հարստանալու» բառը նկատի ունենք անհայտ այն տրամաբանությունը, ըստ որի, իբր Հրայր Թովմասյանը 40 անգամ հարստացել է: Ուսումնասիրելով և համադրելով հայտարարգրերում ներկայացված տվյալները, եզրահանգում ենք, որ Հրայր Թովմասյանի ունեցվածքը պակասել է 30 միլիոն ՀՀ դրամով, 7 հազար ԱՄՆ դոլարով և 5 հազար Եվրոյով: Այսինքն, Հրայր Թովմասյանը ոչ թե հարստացել է, այն էլ 40 անգամ, այլ ամբողջովին հակառակը, ունեցվածքը պակասել է:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Դիտվել է 166 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy