Հս. Կորեան հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է հարված հասցնել Գուամում ԱՄՆ ռազմաբազաներին. Հրվ. Կորեան արձագանքել է

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը տարածել է Հս. Կորեայի ազգային բանակի  բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, համաձայն որի՝ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը:

«Ներկայում ռազմավարական ուժերը մանրազնին ուսումնասիրում են Գուամ կղզում հիմնական ամերիկյան ռազմաբազաները զսպելու նպատակով գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով հարվածելու վերաբերյալ օպերատիվ ծրագիրը»,- ասվում է  հայտարարությունում:

Ինչպես գրում է ria.ru-ն, դրանում նաև նշվում է, որ հարվածները կարող են հասցվել՝ այդ թվում նաև ԱՄՆ ռազմական օդուժի «Անդերսոն» բազային, որտեղ գտնվում են «Հյուսիսային Կորեայի նյարդերի վրա ազդող» ռազմավարական ռմբակոծիչները:

Հայտարարության համաձայն՝ ուսումնասիրվող ծրագիրը շուտով կներկայացվի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին, իսկ հետո այն կարող է ցանկացած պահի «պրակտիկորեն կիրառվել, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չենը Ընը որոշում կայացնի»:

Նշվում է, որ երեքշաբթի առավոտյան ԱՄՆ ռազմավարական կործանիչներն «իրական պատերազմի» մանևրներ են իրականացրել Հարավային Կորեայի օդային տարածքում:

Փհենյանից հնչող վերջին սպառնալիքների ֆոնին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կոչ է արել անհապաղ բարձրացնել երկրի պաշտպանունակությունը:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ շարունակում է խիստ լարված մնալ: Միացյալ Նահանգները բազմից հայտարարել է, որ «Փհենյանի նկատմամբ ռազմավարական համբերության ժամանակաշրջանն արդեն ավարտված է» և որ միջուկային ծրագիրն ակտիվ զարգացնող Կորեայի դեմ, հնարավոր է, ռազմական ուժ կիրառվի: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը սպառնում է ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:

 


Այս թեմայով