Հռոմի Պապի և Գարեգին Բ-ի համատեղ հռչակագիրը

franciskos-pap-3-1Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում այսօր՝ հունիսի 26-ին, տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը:

Հռչակագրում ասվում է.

«Այսօր համայն հայության հոգեւոր կենտրոն Սուրբ Էջմիածնում, մենք` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ֆրանցիսկոս Պապը, ընծայում ենք մեր մտքերը եւ սրտերը որպես շնորհակալության տուրք Ամենակարողին` պայքարով քայքայված եւ սփոփանքի ու հույսի ծարավով լեցուն աշխարհում շարունակելու եւ մեծացնելու հավատի ու սիրո սերտ կապերը Հայոց Եկեղեցու եւ Կաթոլիկ եկեղեցու միջեւ՝ փրկության ավետարանական ուղերձի իրենց համընդհանուր վկայությամբ:

Մենք փառաբանում ենք ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, ընձեռնելու համար մեզ հնարավորությունը մեկտեղվելու բիբլիական Արարատի երկրում, որը կանգուն է որպես վկայություն, որ Աստված է միշտ մեր պաշտպանությունն ու փրկությունը:

Գոհունակությամբ ու հոգեւոր ուրախությամբ ենք անդրադառնում, որ 2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով Հայաստան այցելեց Սուրբ Հովհաննես-Պողոս Բ Պապը՝ որպես Հայ եւ Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերությունների պատմության նոր էջի վկայություն: Մենք երախտապարտ ենք, որ շնորհն ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսավոր պատարագի ժամանակ, 2015թ, ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր հանձնառությունն արտահայտեցինք հակադարձելու բռնության ու անհանդուրժողականության ցանկացած դրսեւորում՝ վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրեւ Ի դարի առաջին ցեղասպանություն» (Համատեղ հայտարարություն, Գարեգին Բ եւ Հովհաննես-Պողոս Բ, 27 սեպտեմբերի, 2001 թ.):

Փառք Բարձրյալին, որ այսօր քրիստոնեական հավատը կենսունակ իրականություն է Հայաստանում, եւ Հայոց եկեղեցին իր լիարժեք առաքելությունն է իրականացնում՝ եկեղեցիների միջեւ տիրող համագործակցության եղբայրական ոգով նեցուկ լինելով հավատացյալներին՝ զորակից, արդար եւ խաղաղ աշխարհի կերտման գործում: Ցավոք, մենք վկաներ ենք մեր աչքերի առաջ տեղի ունեցող մի մեծ ողբերգության՝ անթիվ անհամար անմեղ մարդկանց սպանությունների, Մերձավոր Արեւելքում եւ աշխարհի այլ ծագերում էթնիկ, տնտեսական, քաղաքական եւ կրոնական հիմքերի վրա զարգացող շարունակական բնույթի հակամարտություններով թելադրված տեղահանումների կամ պարտադրված ցավալի ու անորոշ աքսորների: Այդ ամենի արդյունքում կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունները դարձել են հալածանքների եւ դաժան վերաբերմունքի թիրախ, այն առումով, որ սեփական կրոնական համոզմունքի համար տառապելը դարձել է ամենօրյա իրականություն:

Նահատակները պատկանում են բոլոր եկեղեցիներին եւ նրանց տառապանքը «արյան էկումենիզմ» է, որը անդրանցնում է քրիստոնյաների միջեւ առկա պատմական բաժանումները՝ մեզ բոլորիս կոչելով նպաստել Քրիստոսի առաքյալների տեսանելի միասնականությանը: Մենք, Սուրբ Առաքյալների` Պետրոսի եւ Պողոսի, Թադեոսի եւ Բարդուղիմեոսի բարեխոսությամբ, միասնաբար աղոթում ենք, որպեսզի սրտերի փոփոխություն տեղի ունենա բոլորի մեջ, նրանց, ովքեր գործում են այսպիսի հանցանքներ եւ նրանց, ովքեր իրենց դիրքի շնորհիվ կարող են կանգնեցնել բռնությունները: Մենք հորդորում ենք ազգերի առաջնորդներին՝ ունկնդրելու միլիոնավոր մարդկային արարածների կոչին, ովքեր խաղաղություն եւ արդարություն են տենչում աշխարհում, ովքեր հարգանք են պահանջում իրենց աստվածատուր իրավունքների նկատմամբ, ովքեր անհապաղ կարիք ունեն հացի, այլ ոչ թե զենքերի:

Ցավոք, մենք ականատես ենք կրոնի եւ կրոնական արժեքների արմատական դրսեւորումների, որոնք կիրառվում են՝ ատելության, խտրականության ու բռնության տարածումն արդարացնելու համար: Նմանատիպ հանցանքների՝ կրոնական գաղափարներով արդարացումն անընդունելի է, քանի որ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ խաղաղության» (Ա Կոր. 14:33): Ավելին, կրոնական տարբերությունների հանդեպ հարգանքն անհրաժեշտ պայման է էթնիկ ու կրոնական տարբեր համայնքների խաղաղ համակեցության համար: Եւ հենց քրիստոնյա լինելով է, որ մենք կոչված ենք խաղաղության ու հաշտության ուղիներ փնտրելու եւ իրագործելու: Այս իմաստով մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում:

Հիշելով այն ամենը, ինչ Հիսուս սովորեցրեց Իր աշակերտներին, երբ Նա ասաց. «Ես սոված էի, եւ դուք ինձ հաց տվեցիք, ես ծարավ էի եւ դուք ինձ խմելու մի բան տվեցիք, ես օտարական էի, եւ դուք ինձ ընդունեցիք, ես մերկ էի, եւ դուք ինձ հագցրեցիք, ես հիվանդ էի, դուք ինձ այցելեցիք, ես բանտում էի, եւ դուք եկաք ինձ տեսության» (Մատթ. 25:35-36), մենք խնդրում ենք մեր եկեղեցիների հավատացյալներին բացելու իրենց սրտերն ու ձեռքերը` օգնելու պատերազմի եւ ահաբեկչության զոհերին, փախստականներին եւ նրանց ընտանիքներին: Կարեւորվում է մեր մարդասիրության զգացումը, մեր զորակցությունը, կարեկցանքը եւ մեծահոգությունը, որոնք կարող են ճիշտ արտահայտվել միայն առկա նյութական պաշարների անհապաղ եւ գործնական նվիրատվությամբ:

Մենք ընդունում ենք այն, ինչն արդեն իսկ արվում է, բայց պնդում ենք, որ ավելին պետք է արվի քաղաքական առաջնորդների եւ միջազգային կառույցների կողմից, որպեսզի ապահովված լինի բոլորի՝ խաղաղության եւ անվտանգության մեջ ապրելու իրավունքը, պաշտպանված լինի օրենքի գերակայությունը, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, կանխված լինեն մարդկային թրաֆիքինգը եւ մաքսանենգությունը:

Հասարակության ստվար հատվածների աշխարհիկացումը, օտարումը հոգեւորից ու աստվածայինից, անխուսափելիորեն հանգեցնում են մարդու եւ մարդկային ընտանիքի ապասրբացմանն ու նյութապաշտական ընկալմանը: Այս առումով մենք մտահոգ ենք շատ երկրներում ընտանեկան կյանքի ճգնաժամով: Հայ եւ Կաթոլիկ եկեղեցիներն ընտանիքի մասին նույն ընկալումն ունեն, որը հիմնված է ազատ կամքով ու հավատարմությամբ ծնված սիրո արդյունք հանդիսացող տղամարդու եւ կնոջ ամուսնության վրա:

Մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ չնայած քրիստոնյաների միջեւ առկա բաժանումներին, այն, ինչ մեզ միավորում է, ավելին է, քան այն, ինչ մեզ բաժանում է, որի վրա էլ պետք է կառուցել Քրիստոսի եկեղեցու միությունը, ըստ Տիրոջ խոսքի, որ բոլորը մեկ լինեն (Հովհ. ԺԷ 21) : Վերջին տասնամյակներում մեր եկեղեցիների հարաբերությունները թեւակոխել են որակապես նոր փուլ՝ ամրապնդված լինելով համատեղ աղոթքներով եւ ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու միասնական ջանքերով: Մենք այսօր համոզված ենք այս հարաբերությունների շարունակականության խիստ կարեւորության մեջ՝ երկուստեք առավել խորը եւ վճռական հանձնառությամբ ոչ միայն աստվածաբանական մարզում, այլեւ աղոթական եւ գործնական համագործակցությամբ տեղական համայնքներում՝ լիարժեք հաղորդակցություն եւ միության հստակ արտահայտություններ կիսելու տեսլականով: Մենք հորդորում ենք մեր հավատացյալներին ներդաշնակ կերպով աշխատելու հասարակության մեջ քրիստոնեական արժեքների զորացման համար, որոնք արդյունավոր կերպով նպաստում են արդարության, խաղաղության եւ մարդկային համերաշխության քաղաքակրթության կառուցմանը: Հաշտության եւ եղբայրության ուղին բաց է մեր առաջ: Թող Սուրբ Հոգին, ով առաջնորդում է մեզ ամենայն ճշմարտության /հմմտ. Հովհ. ԺԶ 13/, զորացնի ամեն ազնիվ ջանք, որ ուղղված է մեր մեջ սիրո եւ հաղորդության կամուրջների կառուցմանը:

Սուրբ Էջմիածնից մենք կոչ ենք անում մեր բոլոր հավատացյալներին միանալու մեզ աղոթքով, Սուրբ Ներսես Շնորհալու խոսքերով. «Փառավորյալ Տեր, ընդունիր ծառաներիդ աղաչանքները եւ ի բարին կատարիր մեր խնդրանքները՝ բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի, եւ Հովհաննես Մկրտչի, եւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի, եւ մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի, եւ սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, կույսերի եւ Քո բոլոր երկնային ու երկրային սրբերի: Եվ Քեզ՝ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փառք եւ երկրպագություն, հավիտյանս հավիտենից, ամեն»:

Դիտվել է 48 անգամ
 


Այս թեմայով