Հռոմի պապը Տավուշի մարզպետին «կսրբացնի՞». մարզպետի մոլորությունը

74090Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հետաքրքիր հայտարարություն է արել: Պարզվում է Տավուշի մարզի 126 հազար բնակչությունից մի քանի հարյուր հազարը ի շնորհիվ մարզպետի քրիստոնյա են դարձել.«……էտ ձեր ասած հանրության մասին է խոսքը, թե քանի հազար մարդ էր այնտեղ հավաքվել ու ոնց էին ողջունում: Այդ տարածքում եկեղեցի չի եղել: Այնտեղ կնունքներ, ծնունդներ, հարսանիքներ եկեղեցով չեն արել: Հիմա դուք գնացեք, այնտեղ իրենք մատյան ունեն, այդ մատյանում նայեք, թե քանի 100 հազար մարդ արդեն հայ քրիստոնյա է դարձել, կնքվել է»,-«Հայկական Ժամանակ» օրաթերթի  հետ զրույցում հայտարարել է Տավուշի մարզպետը

Փաստորեն Տավուշի մարզպետը իրական հրաշագործ է: Նախ նա մեկ եկեղեցի կառուցելով Տավուշի մարզի բնակչությունը միանգամից մեծացրել է մի քանի անգամ (երևի առաջիկա ընտրություններին իշխանություններին ձայն ապահովելու համար) և կարողացել է բոլորին էլ քրիստոնյա դարձնել: Իրական հրաշք` հատկապես, եթե նկատենք, որ հայ ժողովուրդը, այդ թվում Տավուշի մարզի հայերը քրիստոնյա են 301 թվականից սկսված:

Պետք է մարզպետի այս հրաշագործության մասին պատմել  հայաստան ժամանող Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Վստահ ենք նա  կզարմանա և գուցե նաև «սրբացնի» Հովիկ Աբովյանին:

Ի դեպ Հովիկ Աբովյանը մեկ անգամ փորձել է «սրբանալ»` նա իր եկեղեցու որմնանկարչին պատվիրել էր Հիսուսի հետ պատկերված սրբերի հետ պատկերել նաև իրեն: Իհարկե հետո ստիպված եղավ փոխել նկարը, բայց մարդը հստակ ձգտում ունի:

Հ.Գ. Իսկ իրականությունն այն է, որ Հովիկ Աբովյանը իր տեղում չէ: Նա չգիտի անգամ իր մարզում բնակվողների իրական թիվը: Հիմա հասկանալի է, թե որքան կապ չունի նա Տավուշի մարզի և մարզի բնակիչների խնդիրների հետ:

Դիտվել է 581 անգամ
 


Այս թեմայով