Հունան Պողոսյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվեր

Կառավարության այսօրվա նիստում ոստիկանության գեներալ–լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգից։

Հունան Պողոսյանի նշանակմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ փաստեց, որ միայն մաքուր անցյալով մարդիկ չեն, որ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում։

Սյունիքի մարզպետ նշանակվող անձը իր աշխատանքային գործունեության ընթացքում չի փայլել օրինականությամբ, ավելին` նա որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա մասնակից է եղել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին իրականցված բազմաթիվ հանցագործությունների։

Նախ սկսենք նրանից, որ Հունան Պողոսյանը 2010 թվականից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Զբաղեցնելով այս պաշտոնը` նա եղել է մինչև 2018 թվականին տեղի ունեցած բոլոր համեպատական ընտրությունների ոստիկանության օպերատիվ շտաբի ղեկավարը։

Բոլորն են հիշում, թե ինչպես էր Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ոստիկանությունը աչք փակում ընտրախախտումների, ընտրակաշառքի համատարած բաժանման և այլ իրավախախտումների վրա։ 2010 թվականից սկսած` Հունան Պողոսյանը եղել է Ոստիկանության կողմից իրականացրած հանցավոր արարքի կամ հանցավոր անգործության գլխավոր պատասխանատուներից մեկը։

 Հունան Պողոսյանը նաև 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ աննկատ պաշտոն չի զբաղեցրել։ 2004-2008 թվականները նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը։ Եվ հետաքրքիր է՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները բացահայտել ցանկացող իշխանությունը պարզե՞լ է, թե որքանով է մասնակից եղել Պողոսյանը այդ օրերին Ոստիկանության կողմից իրականացված անօրինականություններին։

Իհարկե՝ Հունան Պողոսյանի աշխատանքային գործունեության մութ անկյունները միայն այս երկուսը չէին. կան նաև բազմաթիվ այլ պատմություններ, սակայն այս երկուսն էլ բավական են հասկանալու համար, թե ով է Հունան Պողոսյանը։

Ու հիմա հարց է առաջանում, թե ինչու՞ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման կասկածելի անձի նշանակում Սյունիքի մարզպետ։ Եթե նոր իշխանությունները իրականում ցանկություն ունեն երկրում իրավիճակ փոխել, ապա պետք է Հունան Պողոսյանի և իր նման չինովնիկների դեմ քրեական գործեր հարուցեն (ի դեպ՝ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին Հունան Պողոսյանի դեմ, և վաղը պետք է որոշում կայացվի քրեական գործ հարուցել նրա դեմ, թե ոչ), և ոչ թե բարձր պաշտոնների նշանակեն։

Այս թեմայով