Հունան Պողոսյանը նշանակվեց մարզպետ, որպեսզի ՀՀԿ-ն վարչապետի թեկանածու չառաջադրի. քաղաքական առևտու՞ր

Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու մասին Politik.am-ը զրուցել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:

«Հանցագործի տեղը բանտում է: Սա ինձ համար անընդունելի նշանակում է: Նույնիսկ Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելն ավելի տրամաբանական է, քան՝ Հունան Պողոսյանին»,-ասաց իրավապաշտպանը:

Մարինա Պողոսյանը շեշտեց նաև, որ վարչապետն ինքն էլ լրագրող է, ու մարզպետի պաշտոնում նշանակել մեկին, ով հայտնի է լրագրողների հանդեպ բռնություններով, անհասկանալի է:

Խոսելով նշանակաման պատճառների մասին՝ իրավապաշտպանն ասաց.

«Ես նույնիսկ մտավախություն չունեմ, որ անմեղության կանխավարկած կխախտեմ: Ես կարծում եմ՝ այս նշանակումը տնտեսական հիմք ունի: Հունան Պողոսյանի եղբայրը տարիներ շարունակ հենց հարավային սահմանին՝ Սյունիքում, զբաղվել է ցիտրուսային մրգերի ներկրմամբ: Ես գիտեմ նաև մարդու, ում Մալաթիա շուկայից նույն Հունան Պողոսյանի կլանի մարդիկ բռնությամբ ու ծեծով դուրս են հանել, որ միայն նրա եղբայրը այդեղ առևտրով զբաղվի:

Չպետք է մոռանանք նաև ռուսական հետքի մասին. Հունան Պողոսյանը սերտ կապեր ունի Սամվել Կարապետյանի կլանի հետ. խնամիական կապեր ունեն»:

Մարինա Պողոսյանը նշանակման մեկ այլ պատճառ էլ ներկայացրեց.

«Սա քաղաքական առևտրի է նման: Հնարավոր է՝ պայմանավորվածություն է եղել ներկայիս իշխանության և ՀՀԿ-ի միջև, ըստ որի՝ Հունան Պողոսյանը նշանակվում է Սյունիքի մարզպետ, դրա փոխարեն՝ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրում»:

Ըստ Մարինա Պողոսյանի՝ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ նշանակվեց նույն ձեռագրով, որով Սերժ Սարգսյանը ժամանակին ընտրություններ էր իրականացնում՝ առանց ժողովրդի խոսքը լսելու.

«Վարչապետը կորցրեց ժողովրդի մեծ մասի հարգանքը, և սա նշանակում է, որ մեզ մոտ չի եղել հեղափոխություն: Պարզապես շախմատային պարտիա է եղել, որի ընթացքում անուններն են փոխվել: Ես որևէ լավ բան չեմ ակնկալում»:

Այս թեմայով