Հորս նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում է, որ դստերն ամեն օր վիրավորում և սադրում են. Էւմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը, ներողություն է խնդրում մարտիմեկյան քաղբանտարկյալ, նախկին ազատամարտիկ Գևորգ Մանուկյանից նրան սպառնացող հոր խոսքերի համար, բայցև հասկանում է նրա վրդովմունքի ու նյարդային վիճակի պատճառը.

«Նյարդերը կարող են տեղի տալ, երբ տեսնում է, թե դստերն ինչպես են ամեն օր վիրավորում, սադրում»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Գասպարյանը:

Նա հավելեց, թե տեղյակ չի եղել ու, բնականաբար, հորը նման բան չի խնդրել ու անձամբ պատրաստ է ազատամարտիկ Գևորգ Մանուկյանից ներողություն խնդրել:

Այլ պարզբանումներ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն չտվեց՝ ասելով, որ քարոզարշավի վերջին օրն է, իր րոպեները հաշված են:

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանի հայրը սպառնացել էր Գևորգ Մանուկյանին, իսկ պատճառը վերջինիս ֆեյսբուքյան գրառումն էր:

 Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դիանան աշխատել է այն նույն դատարանում, որտեղ իրեն դատել են քաղաքական հայացքների համար:

Դրանից հետո Դիանայի հայրը «մեսենջերով» զանգահարել էր Մանուկյանին, սկզբում առաջարկել, որ ասի տեղը, քանի որ ուզում է նրան տեսնել, իսկ հետո հետաքրքրվել է, թե ինչու է նա վարկաբեկում իր դստերը: Ի վերջո, խոսակցությունը թեժանում է և թեկնածուի հայրը սպառնում է ջարդել Մանուկյանի ոտքերը:

Գլխավոր դատախազության լրատավության բաժնի աշխատակից Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ դատախազությունը ձայնագրությունն ուղարկել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար:

Այս թեմայով