Հովիկ Աբրահամյանի աթոռի տակ «ռումբ» կա

Քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն. Հովիկ ԱբրահամյանՀԷՑ-ի վաճառքը արդեն իսկ կարելի է համարել կատարված փաստ : Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը պատրաստակամություն է հայտնել գնել ՀԷՑ-ը  և նոր ներդրումներ իրականացնել:

Հինգշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում, այս մասին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Քանի որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով «Տաշիր» խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տաշիր» խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռք բերման հարցը: Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը»:

Զարմանալի է, որ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնավարման համար այսքան վտանգավոր որոշման մասին հայտարարում է մեծ ոգևորությամբ: Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալու հավակնություններ ունի: Այս ֆոնին բավական մեծ առավելություն են ստանում Կարապետյաններ եղբայրները, քանի որ նրանք փաստացիորեն ձեռք են բերել Կառավարության որոշումների վրա ազդելու շատ մեծ լծակ: Բոլորն են հասկանում, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և այդ բարձրացման փոխհատուցումը ՀՀ կառավարության կողմից լուրջ խնդիր է: Կառավարության համար գրեթե անլուծելի խնդիր է տնտեսական այս վիճակում հարյուր հազարավոր բաժանորդների փոխարեն  վճարել բարձրացված արժեքը: Ուստի Սամվել Կարապետյանը իր վրա վերձնելով բարձրացված արժեքի կեսի վճարումը փաստացիորեն լուրջ ազդեցություն է ձեռք բերում: Կառավարության ղեկավարը վստահաբար դեռ չի մոռացել, թե հանրութունը ինչպես ոտքի կանգնեց անարդար որոշման դեպքում և հիմա նույնը կանի, եթե օրինակ` Սամվել Կարապետյանը որոշի դադարեցնել փոխհատուցումը: Այս դեպքում Հովիկ Աբրահամյանը պետք է ստիպված լինի կրկնակի անգամ ավելի շատ գումար գտնել, ոպեսզի մինչև հաջորդ տարվա օգոստոսի 1-ը վճարի ավելացված 7 դրամը: Այնպես որ կարելի է այս որոշումը համարել «ռումբ»,  որը տեղադրված է կառավարության ղեկավարի աթոռի տակ:

Անի Ասլյան

 


Այս թեմայով