Հովիկ Աբրահամյանը շփոթել է սահմանը

12055_am_3Հովիկ Աբրահամյանը կանգ է առել «Բագրատաշեն» սահմանային անցակետում:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: «Ես ցանկանում եմ, որ բոլորը զորամաս գնալու ցանկություն ունենան. վարչապետը նախարարներին հորդորեց Ամանորին այցելել դիրքեր»,- այս հայտարարությունը Հովիկ Աբրահամյանն արել է 2014 թվականի դեկտեմբերի 18-ին և հավելել է. «Այցելեք զորամասեր ովքեր ցանկություն ունեն, իսկ ես ցանկանում եմ, որ բոլորը նման ցանկություն ունենան: Բոլորս փորձենք լինել որևէ զորամասում: Իմ կարծիքով՝ դա շատ ճիշտ է»:

Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն էլ հայտարարել է, որ Հուլիսի 24 –ի երեկոյան ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում:

Կառավարության պաշտոնական կայքն էլ փոխանցում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստան կատարելիք աշխատանքային այցից առաջ կանգ է առել «Բագրատաշեն» սահմանային անցակետում, շրջայց է կատարել սահմանային անցման կետում` ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին:

ՊՆ-ի  հայտարարության ֆոնին փաստում ենք, որ  երկրի ղեկավարն ու վարչապետը բացակայում են երկրից. սրանով կամ նշում են, որ ամեն ինչ վերահսկողության տակ է կամ էլ ցույց են տալիս, որ վերահսկողության տակ է:

Հովիկ Աբրահամյանը տեսնես հիշու՞մ է նախորդ տարեվերջին իր արտահայտած ցանկության մասին, հիշու՞մ է, որ սահմանային զորամասեր այցելելը ճիշտ է, թե իրավիճակն այդքան էլ լարված չի:

Չի կարելի կարծել, թե ՀՀԿ-ական իշխանության համար ամենահուզիչ հարցը սահմանային իրավիճակն է, քանի որ այն դեռևս չի սպառնում բարձրաստիճան պաշտոնատար անձանց, չի սպառնում իրենց երեխաներին և հարազատներին, քանի որ նրանք չեն ծառայում զինված ուժերում, նրանք իրենց ծառայությունը մատուցում են սեփական բիզնեսին, իսկ սահմանին կանգնած 18 տարեկան ժամկետային զինծառայողները անձնուրացաբար կատարում են իրենց պարտքը:

Հովիկ Աբրահամյանը Գագիկ Խաչատրյանի հետ ավելի լավ կաներ, որ այս օրերին լինեին սահմանային զորամասերում, դրանից ոչ «Ucom+Orange» գործարքը կխաթարվեր և ոչ էլ «Արտաշատի պահածոների» գործարանի արտադրությունը կանգ կառներ, բայց նման բացահայտ արհամարնքը խորը հետևանքներ է ունենալու: Համարենք, որ Հովիկ Աբրահամյանն, իսկապես, շփոթել է սահմանը և հայ-վրացական սահմանում է հայտնվել Տավուշի մարզի մյուս սահմանի փոխարեն:

Վաչագան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է 1,037 անգամ
 


Այս թեմայով