Հովիկ Աբրահամյանը հորդորում է միասնական աշխատել

12085_am_5Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում՝ այցելել արտադրական ձեռնարկություններ, ծանոթացել համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող տարբեր ենթակառուցվածքային ծրագրերին:
Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Արենի համայնքում գործող «Հին Արենի» գինու գործարանը: Վարչապետը շրջել է ձեռնարկությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացին և ներդրումային ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանը վերջին երկու տարիների ընթացքում իրականացրել է շուրջ 3,5 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում այն համալրվել է ֆրանսիական և իտալական բարձրակարգ սարքավորումներով: Ընթացիկ տարում գործարանը կարտադրի 120 հազար շիշ բարձրորակ գինի, իսկ հաջորդ տարի այդ թիվը նախատեսվում է հասցնել 250 հազարի: Ծրագրվում է գինիների հիմնական մասն արտահանել Կանադա, ԱՄՆ, ապագայում նաև Եվրոպա: Ձեռնարկությունը պատրաստվում է ընթացիկ տարում մթերել շուրջ 280 տոննա խաղող:
Այնուհետև վարչապետն այցելել է Գետափ, Մալիշկա, Զառիթափ և Գլաձոր համայնքներ, զրուցել տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքների և ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, Գետափ համայնքում Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ավարտին են մոտենում 8,5 կմ երկարությամբ գազի գծի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում համայնքը 100 տոկոսով կգազիֆիկացվի: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 96 մլն դրամ: Համայնքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին ինչպես գազիֆիկացման աշխատանքների, այնպես էլ ոռոգման և խմելու ջրագծերի կառուցմանն օժանդակելու, մանկապարտեզի հիմնանորգման աշխատանքները կառավարության ֆինանսավորմամբ իրականացնելու համար:
Մալիշկա համայնքում վարչապետը ծանոթացել է 32 կմ երկարությամբ գազատարի կառուցման աշխատանքներին: Այդ նպատակով Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ներդրվել է 355 մլն դրամ: Համայնքի բնակիչները գոհունակություն են հայտնել գազիֆիկացման աշխատանքներից և վարչապետին դիմել մանկապարտեզի երրորդ մասնաշենք կառուցելու խնդրանքով: Հովիկ Աբրահամյանը խոստացել է հարցը քննարկել կառավարությունում՝ խնդրին լուծում տալու նպատակով:
Զառիթափցիները վարչապետին շնորհակալություն են հայտնել համայնք մուտք գործող ճանապարհահատվածի հիմնանորգման, 1,3 կմ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքները կյանքի կոչելու համար: Միաժամանակ, համայնքի ղեկավարը նշել է, որ արդեն իսկ պատրաստ է Զառիթափի մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը, որի կյանքի կոչման համար կներդրվի 150 մլն դրամ: Բնակիչները տեղեկացրել են, որ 60 գյուղացիական տնտեսություն միավորվել և ստեղծել է գյուղատնտեսական կոոպերացիա, սակայն ունեն որոշակի ֆինանսական խնդիրներ: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և խոստացել հարցին դրական լուծում տալ:
Գլաձոր համայնքում ջրագծի կառուցման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա հուլիսից և նախատեսվում են ավարտի հասցնել հաջորդ տարվա հուլիսին: Ծրագրի իրականացման համար համայնքը կներդնի 30,8 մլն դրամ, իսկ Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով կհատկացվի 378 մլն դրամ: Ծրագրով վերակառուցվում է խմելու ջրի ողջ ներքին և արտաքին ցանցը:
Այնուհետև վարչապետն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան, որը սկսել է գործել ընթացիկ տարվա հունիսից: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ գործարանն արդեն իսկ արտադրել է տարբեր տեսակի մթերքներից պատրաստված 270 հազար սպառողական տարա: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Գործարանում ստեղծվել է 240 աշխատատեղ: Մինչ այժմ պահածոների գործարանը մթերել է 200 տոննա պտուղ-բանջարեղեն: Առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 900-1000 տոննայի:
Վայոց Ձորի մարզ կատարած այցը վարչապետը եզրափակել է մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցել են համայնքների ղեկավարներն ու խաղող մթերող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բերքի մթերման կազմակերպչական հարցեր: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում առկա է խաղողի առատ բերք և կարևորել արտադրողների ու մթերող կազմակերպությունների կողմից մթերման աշխատանքները կազմակերպված իրականացնելու հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս գինեգործության զարգացմանը: «Կառավարությունը կանգնած է վերամշակողի կողքին` պատրաստ լինելով ամեն կերպ աջակցել և օժանդակել ձեզ: Մենք պատրաստ ենք լսել նաև ձեր առաջարկությունները գինեգործության ոլորտի զարգացման ուղղությամբ, որպեսզի միասնական կերպով կայացնենք ճիշտ որոշումներ` նպաստելով տնտեսության զարգացմանը: Հորդորում եմ գյուղացիական տնտեսություններին և վերամշակող կազմակերպություններին միասնական աշխատել՝ խաղողի առատ բերքի մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը: Խորհրդակցության ընթացքում վերամշակող կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են ընկերությունների զարգացման ծրագրերն ու առաջիկա քայլերը: Տնտեսվարողները հանդես են եկել նաև գինեգործության զարգացմանն ուղղված մի շարք առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել դրանք քննարկել կառավարությունում և առաջարկությունների հիման վրա ընդունել համապատասխան որոշումներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ Վայոց ձորի մարզում այս տարի ակնկալվում է մթերել 4900 տոննա խաղող, որը կիրացնեն 15-20 վերամշակող ընկերություններ:

Դիտվել է 19 անգամ
 


Այս թեմայով