Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ ճանապարհ փակելը լավ բան չէ

Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ ճանապարհ փակելը լավ բան չէ

Հովիկ ԱբրահամյանԱյսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց այն մտքի հետ, որ գյուղացիներն ամեն օր ճանապարհ են փակում:

«Ընդհանրապես ճանապարհ փակելը լավ ավանդույթ չէ, դրանով ոչ մի հարց չի լուծվում բոլոր առումներով՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումներով: Մենք մի քանի անգամ խոսել ենք այդ մասին, որ այս տարի ունենք առատ բերք, որ այս տարի ունենք իրացման, արտահանման նվազում, և դրա համար նաև վերամշակող գործարաններն ունեցել են  խնդիրներ»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ թեև մի քանի անգամ հայտարարել են, սակայն ևս մեկ անգամ ցանկացավ արձանագրել, որ առատ բերքը չի մնալու դաշտում:

«Բոլոր  վերամշակող գործարաններին օգնելու ենք, հորդորելու ենք, որ օգնեն: Իհարկե, խնդիրը դրանով չի լուծվելու, ունեն նաև վճարման, իրացման խնդիրներ, որ կառավարությունը ձեռնամուխ է լինելու և օգնելու է մեր վերամշակողներին, օգնելու է այնքանով, որքանով մենք հնարավորություն ունենք»,-ասաց նա:

Անդրադառնալով վարկերին՝ նա ասաց, որ այդ հարցում ևս պայմանավորվածություն կա:

«Իրենք առաջարկել են, որ վարկերը երկարաձգեն մինչև տարվա վերջ, և մենք այդ գործընթացը Նախագահի և կենտրոնական բանկի հետ քննարկել և լուծել ենք: Երեկ կառավարությունը յոթ միլիարդ դրամ հատկացրել է Կենտրոնական բանկին, որը կհասնի գյուղացուն հայկական դրամով՝ ութ տոկոսով»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե դա կոնկրետ գյուղացուն աջակցություն է:

«Ամեն դեպքում այդ ոլորտը մեզ համար առաջնահերթ է, և մենք ամեն ինչ անելու ենք համախմբված, որպեսզի առկա խնդիրներին տանք լուծում: Տարեկան դրամով ութ տոկոսը ես կարծում եմ, որ շատ լավ տոկոսադրույք է, չի եղել նման տոկոսադրույք՝ գոնե այս անկախության տարիներից ի վեր»,-ասաց նա:

Դիտվել է 26 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy