Հովիկ Աբրահամյանը կառավարության արտահերթ նիստ է հրավիրել

հովիկԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ ՀՀ տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` ՀՀ կառավարությունը որոշել է 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը` շաբաթ օր:
Աշխատանքային օրերը տեղափոխելու կապակցությամբ նիստի ընթացքում հնչել են մի շարք փաստարկներ՝ արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև գործարար հատվածի համար առաջացող տարբեր խնդիրների հետ կապված: Հարցի վերաբերյալ ներկայացվել են նաև առաջարկություններ:
Արձագանքելով` վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հարցի առնչությամբ կիսում է տնտեսվարողների մտահոգությունները և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ խորհրդարանական քաղաքական ուժերի, Հայ Առաքելական եկեղեցու և գործարար աշխարհի հետ քննարկել հարցը՝ առաջիկայում միասնական մոտեցում ձևավորելու նպատակով:
Հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը: Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի հուլիսի 13-ին բանկերը ևս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը

Դիտվել է 37 անգամ
 


Այս թեմայով