Հովիկ Աբրահամյանը իր «գյուղի տղաներով» փորձում է ֆուտբոլ խաղալ «Ռեալ Մադրիդի» հետ

real-madrid-7ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում հաճախ է կազմակերպում հանդիպումներ ամենատարբեր խմբերի հետ: Նա այս կերպ փորձում է ցույց տալ, թե հանրության կարծիքը իր համար կարևոր է և իբր փորձում է առաջնորդվել հանրության ներկայացված օրակարգով: Իհարկե քաղաքակիրթ երկրներում սա նորմալ երևույթ է և նման երկրներում պատերազմից կամ աղետից հետո չէ միայն, որ խոսում են հանրության հետ: Այդ երկրներում հանրության հետ կապը պահպանվում է մշտապես, որպեսզի չզրկվեն իշխանությունից: Իսկ մեզ մոտ դրա կարիքը չկա, քանի որ իշխանությունները չեն ընտրվում հանրության շնորհիվ և կարիքը չկա հանրության հետ հանդիպումներ անցկացնելու:

Ամեն դեպքում համարենք, որ Հովիկ Աբրահամյանի մղումներն արդար են և նա իսկապես ուզում է հանրության ձայնը  լսել և փորձենք մի քանի խորհուրդ տալ նրան: Առաջին հերթին իր սկսած բարեփոխումներին պետք է հենց ինքը հավատա, որպեսզի իր հավատը փոխանցվի նաև հանրությանը: Սակայն բացի հավատից կա նաև մեկ այլ հանգամանք ևս: Կառավարությունը թիմ է և երկրի տնտեսության ղեկավարումը թիմային աշխատանք: Ուստի շատ կարևոր է թե ինչ թիմով է Հովիկ Աբրահամյանը փորձում բարեփոխումներ իրականացնել:

Պատկերացնելու համար Հովիկ Աբրահամյանի թիմը՝ պետք է այն համեմատել ֆուտբոլի թիմի հետ: Այս պահին Հովիկ Աբրահամյանը իր «գյուղի տղաների» թիմով փորձում է ֆուտբոլ խաղալ «Ռեալ Մադրիդի» հետ:  Վարչապետը առաջին հերթին պետք է փոխի իր թիմը և բերի արհեստավարժ, բանիմաց և անկաշառ կադրերի, որպեսզի հնարավոր լինի իրավիճակ փոխել: Այդ թիմի անդմաները չպետք է ներեն անգամ իրենց իրավախախտ քրոջը կամ եղբորը: Եթե չլինեն այս էական փոփոխությունները ` Հովիկ Աբրահամյանի բարեփոխումների արդյունքը կլինի կանխատեսելի այնքան, որքան նրա «գյուղի տղաների» ֆուտբոլի թիմի և «Ռեալ Մադրիդի» հանդիպման արդյունքը:

Դիտվել է 456 անգամ
 


Այս թեմայով