Home » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ » Հովիկ Աբրահամյանը գյուղի խնդիրների և գյուղացիների աշխատանքի մասին

Հովիկ Աբրահամյանը գյուղի խնդիրների և գյուղացիների աշխատանքի մասին

ՀովիկՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մասնակցել է «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի և «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Միջոցառումները կազմակերպվել են ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ: 2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
Վարչապետը շրջել է Հայաստանի և Արցախի ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, զրուցել մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց արտադրատեսականուն, գործունեությանը, առկա խնդիրներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսին մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:
«ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի տաղավարներում շրջայցից հետո Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Ողջունելով և շնորհավորելով համաժողովի մասնակիցներին Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ՝ վարչապետը նշել է. «Խորհրդանշական է, որ այս տարի համաժողովի անցկացման օրը համընկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հիմնադրման օրվա հետ: Այս առիթով ցանկանում եմ սրտանց շնորհավորել կազմակերպությանը՝ հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մենք մեծապես գնահատում ենք Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներդրած ավանդը, ինչի համար հայտնում եմ իմ երախտագիտությունը:
Մենք մեծապես կարևորում ենք գյուղատնտեսության դերը մեր երկրի տնտեսության կենսագործունեության, գյուղական համայնքների պահպանման և զարգացման, աղքատության հաղթահարման և որ ամենակարևորն է` երկրի պարենային անվտանգության ապահովման գործում»:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի անկախության տարիների առաջին քայլերից էր հողի պետական մենաշնորհից հրաժարվելու գործընթացը, որի շրջանակում օրենսդրորեն ընդունվեց հողի սեփականության և տնտեսվարման բազմաձևության հիմնարար սկզբունքը, իրականացվեց հողի մասնավորեցում։ Վերջինս էլ իր հետ բերեց բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը ջանք և ժամանակ էր պահանջում:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 97 տոկոսն ապահովվում են ընտանեկան գյուղացիական տնտեսությունները։ «2011 թ. ՀՀ Նախագահի կողմից գյուղատնտեսությունը հայտարարվեց գերակա ոլորտ, ինչն իր արտացոլումը գտավ նաև 2014 թ. ընդունված ՀՀ կառավարության ծրագրում, որում առաջադրվեցին գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նոր մոտեցումներ և պահանջներ: Այսօր գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: 2015 թ. առաջին ութ ամսվա արդյունքներով ՀՀ տնտեսության մեջ այն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը», – ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունում վերջին տարիներին գրանցված դրական տեղաշարժերի՝ հողային ռեսուրսների նպատակային օգտագործման, հացահատիկային տնտեսության ինքնաբավության մակարդակի, գյուղատնտեսությունում օգտագործվող ռեսուրսների և վարկերի մատչելիության բարձրացման արդյունքում ապահովված տնտեսական աճի հետ մեկտեղ ոլորտում առկա են նաև խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է պետական քաղաքականության նոր մոտեցումների կիրառում, օժանդակություն և ներդրումների ներգրավում: Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ կառավարությունը 7 մլրդ ՀՀ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու նպատակով: 14 տոկոսանոց վարկը հողօգտագործողներին է հասնելու 8 տոկոսով, 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը:
«Ընթացիկ տարում հայ գյուղացու անխոնջ աշխատանքի, բարենպաստ բնակլիմայական պայմանների և պետական ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված գյուղատնտեսության համախառն արտադրանքի զգալի աճի պայմաններում իր յուրահատուկ դրսևորումն ունեցավ նաև գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես` խաղողի մթերման խնդիրը, որի լուծման նպատակով իրականացված նախապատրաստական աշխատանքների հետ մեկտեղ պահանջվեց պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մոտեցումների կիրառում և ամենօրյա հետևողական աշխատանք:
ՀՀ-ում արդեն հինգերորդ տարին է, ինչ հոկտեմբերի երրորդ կիրակին պետականորեն նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել գյուղատնտեսության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով քաջառողջություն և բարեկեցություն», – եզրափակել է կառավարության ղեկավարը:
Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի և գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Արարատի գինու գործարան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ռուբեն Կարապետյանին, «Եվրոթերմ» ՓԲԸ հիմնադիր Էդիկ Ղազարյանին, ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսել՝ Արարատի մարզի Դվին գյուղի ֆերմեր Գևորգ Նազարյանին, «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ տնօրեն Սարգիս Պողոսյանին, «Պրոգրես Ագրո» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանին, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի ֆերմեր Սարգիս Հովսեփյանին և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Աղվան Սահակյանին:
Հոկտեմբերի 16-18-ն անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից և Արցախից:

Դիտվել է 42 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy