Հողերի հանձնման խոսակցությունները շինծու են

ashot-ghulyan-634x445Արցախի  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շինծու է որակում «հող՝ կարգավիճակի դիմաց» թեմայով խոսակցությունները և նշում ,  որ  նման  խոսակցություններ միշտ էլ եղել են:

«Բայց մեզ հաջողվել է այն համաժողովրդական իմաստության շնորհիվ միշտ էլ գտնել այն ճիշտ  հնարավորությունները: Ես կարծում եմ` այս պահին այս խոսակցությունները շինծու են, արհեստական, նետված են, որպեսզի հասարակությունը տատանումների մեջ լինի: Եվ այս իմաստով, կարծում եմ, Արցախի ժողովուրդը շատ ամուր է տրամադրված և շատ ամուր կանգնած է իր հողի վրա»,- այս մասին այսօր  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հայտարարեց  Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նշենք, որ Աշոտ Ղուլյանն Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաև Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ  այցելեց  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ`  հարգանքի տուրք  մատուցելու Արցախի անկախության համար զոհվածների հիշատակին:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ «հող կարգավիճակի դիմաց» տարբերակն ընդունելի չէ արցախահայության համար, Արցախի խորհրդարանի նախագահն ասաց, որ դա ժողովրդի որոշելիքն է: Նա ընդգծեց, թե  չի կարծում, որ այստեղ որևէ մեկն ինչ-որ բան կարող է որոշել առանձին:

Անդրադառնալով օրվա թեմային, որ այսօր Արցախի անկախության քառորդ դարն է, և, հետևաբար,  ի՞նչ ձեռքբերումների մասին կարելի է խոսել, Արցախի խորհրդարանի խոսնակն ասաց.«Ժողովրդական այս տոնը և այն տոնական տրամադրությունը, որ նկատվում է Ստեփանակերտում և Արցախի ողջ տարածքում, արդեն իսկ վկայությունն է, որ Արցախի ժողովուրդը շատ ճիշտ է գնահատում իր քառորդարյա ճանապարհը, և վստահ եմ, որ այդ ճանապարհին ամենակարևորը պետականությունն է` իր բոլոր ատրիբուտներով»:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին` Աշոտ Ղուլյանը փոխանցեց  իր տպավորությունը,  որ  շատ ակտիվ բանակցային գործընթաց չկա` ասելով. «Կարծես թե ապրիլյան պատերազմից հետո մի պահ ակտիվացել է, բայց դա կապված է եղել իրադրության կայունացման հետ: Թերևս, այս պահին ընթանում են որոշակի խորհրդատվություններ, և ես կարծում եմ, որ կողմերը, թերևս  ճշտում են իրենց դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, կարծես թե, քաղաքական իրավիճակը, բայց վստահ եմ՝ դա միայն ղարաբաղյան խնդրի հետ չի կապված», — հայտարարեց Աշոտ Ղուլյանը:

Անդրադառնալով ԼՂ Սահմանադրությանը, ապա Արցախի խորհրդարանի նախագահը հիշեցրեց, որ կիսանախագահականից նախատեսված է անցում կատարել նախագահական համակարգին:

Դիտվել է 242 անգամ
 


Այս թեմայով