Հոկտեմբեր 27-ի Ոճրագործությունը հանգամանալից հաշվարկված էր նաև միջազգային ենթատեքստով…

479219. ՀԱՐՑ. – Ինչո՞վ է բացատրվում ոճրագործությունից անմիջապես հետո ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատի կայծակնային հայտնությունը Հայաստանում: Ո՞վ էր իրավասու այն կանչելու և մի՞թե Հայաստանում չկար նման ծառայություն:

ՊԱՏԱՍԽԱՆ. – Անշուշտ նման ծառայություններ Հայաստանում էլ կային, սակայն երկրում փաստացի երկիշխանության պատճառով անվստահելի էին թե’ ռուսամետ կողմի, և թե’ Ռուսաստանի համար: Մինչդեռ «Ալֆային» իրավասու էր հրավիրել միայն ՀՀ նախագահը ( ինչը հասկանալիորեն այդպես էլ չի պարզորոշվում…)` առավել ևս, որ չգիտես ինչու Ս. Սարգսյանը գտնվում էր Ղարաբաղում: Իսկ այն հանգամանքը, որ «Ալֆայի» և նրան օդանավակայանում դիմավորող հայկական ուժային պատասխանատուների միջև եղել է վիճաբանություն թե ո՞ւմ ենթակայության տակ է այն գործելու, խոսում է Հայաստանում այդժամ խիստ խառնակչական ու ոճրածին իրավիճակի մասին:

Մինչդեռ, «Ալֆայի» իբր խնդիրն է եղել պատգամավորների ազատագրումը, իրավիճակի տնօրինումն ու… ահաբեկիչների չեզոքացնումը ( ՉԻ, N°623/ինտեր. N°783, 12.02.2007 թ. և «Դիտորդի վարկածը-1»):

Հասկանալիորեն, վերջին առաջադրանքը խիստ ձեռնտու էր… ոճրագործության բուն կազմակերպիչներին (այդ այլորեն հետո կփորձեն իրացնել բանակցողները, մասնավորապես նույն ԱԱՆ փոխնախարար Գ. Գրիգորյանը):

Բարեբախտաբար, այդ տեղի չունեցավ ճիշտ ժամանակին գոնե Երևանում իրավիճակը իրենց տնօրինության տակ վերցրած հայրենասեր ուժերի շնորհիվ (գեներալ Մ. Գրիգորյան, ՊՆախարար Վաղարշակ Հարությունյան և այլք): Այսուհանդերձ, այս դրվագը ևս փարատում է «մի քանի ռոմանտիկների ինքնագործունեության» պաշտոնական վարկածը, ամրագրում «ռուսական գործոնի» առկայությունը, և Քոչարյան-Սարգսյան տանդեմի վերոնշյալ անմիջական պատասխանատվությունը այս հրեշավոր ոճրագործության մեջ:

20. ՀԱՐՑ. – Հարցը հարց է ծնում: Ցայստեղ ներկայացված իրողություններից նախ արձանագրում ենք, որ այդ ծրագիրը խմորվել է 1995-96 թթ, նախապատրաստվել 1997 թ. աշնանը, մասամբ իրագործվել 1998 թ. Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականով և հետևող խորհրդավոր սպանությունների շարքով, իսկ դրվել օրակարգ 1999 թ. գարնանը` կապված «Միասնություն» դաշինքի կայացման ու հաղթական հեռանկարների հետ (ի դեպ, միակ անկանխատեսելի հանգամանքը, որը չի զուգահեռվում ու դեռ կատարյալ հակոտնյա է ռուսական իրադարձությունների հետ… ):

Ուրեմն, հոկտեմբեր 27-ի ոճրագործության բուն պատճառը Մեղրիի հետ տարածքային հնարավոր փոխանակումը չէ՞ր, ինչպես համոզում են ոմանք և դեռ միմյանց վրա բարդում իբր զիջողականության մեղք:

ՊԱՏԱՍԽԱՆ. – Ամենայն հավանականությամբ պատճառներն համատեղվել են, ավելի ստույգ` մեկը ծածկել է մյուսին: Արդեն ակնարկվեց, որ 1999 թ. աշնանը Վ. Պուտինի գերխնդիրը Չեչնիայի դեմ սանձազերծված երկրորդ պատերազմն էր, թիկունքի ապահովումը և 2000 թ. մարտ ամսվա նախագահական ընտրություններից առաջ Արևմուտքի հետ «բարեկամական համագործակցությունը» (վկա 12.09.1999 թ. իր ծրագրերի համաձայնեցումը Բ.Քլինթոնի և վստահ նաև Ռ.Քոչարյանի հետ, տե’ս «Իրադարձությունների ժամանակագրության», 7-րդ պարբերությունը): Այս առումներով Մեղրիի պայմանագիրը այդ նպատակների համար բազմակողմանիորեն նպատակահարմար էր և առերևույթ ներդաշնակ այն երաշխավորող երկրների շահերի հետ, իսկ հոկտ. 27-ի «հեղափոխությամբ»` երիցս առավել…

Այնինչ, Ռ. Քոչարյանին իբր «արևմտամետ» ներկայացնելու փորձերը, ՀՀ խորհրդարանում զոհյալների հոգեհանգստին Վ.Պուտինի «ողբը» իբր «իր բարեկամներին ու Ռուսաստանին հասցված հարվածը» կամ զիջողականությունը սպանվածների վրա բարդելը` քաղաքական խարդավանքներ, որոնք բորովին էլ դրանց հեղինակների օգտին չեն: Ավելի շուտ` ճիշտ ընդհակառակը …

21. ՀԱՐՑ. – Կա փոքրիկ ևս մեկ հանգամանք, որը, որքան մեզ հայտնի է, այսքան վերլուծությունների ու հետաքննության մեջ զարմանալիորեն ըստ արժանվույն ուշադրության չի արժանացել: Այդ, ոճրագործության նախապես հոկտեմբեր 13-ին ծրագրավորումն է, ապա իբր «տեխնիկական» պատճառներով երկու շաբաթով հետաձգումը:

ՊԱՏԱՍԽԱՆ. – Այո’, ըստ Ն. Հունանյանի ցուցմունքի, Մուշեղ Մովսիսյանի հորդորանքով ոճրագործության նախանշված օրը եղել հոկտեմբեր 13-ը (չորեքշաբթի, խորհրդարանական լսումներին սահմանված նիստեր, որին ներկա են լինում կառավարության անդամներն ու վարչապետը, քր. հատոր N°17, գ.թ. 182):

Ուշագրավ է և միաժամանակ այդ հաստատող փաստ, որ Ս. Բաբայանի նամակը, Հ. Բաբուխանյանի, Հրանտ Մարգարյանի և Ա. Հարությունյանի հետ հանդիպումներ (այն էլ նրանց նախաձեռնությամբ, բացի Ա. Հարությունյանից` այն էլ Մ. Մովսիսյանի հորդորանքով …) տեղի են ունեցել դրանից մեկ-երկու շաբաթ առաջ, սեպտեմբեր-հոկտեմբեր սահմանագծում, ակնհայտորեն նպատակ ունենալով համոզվելու Ն.Հունանյանի վճռականության մեջ և գոտեպնդելու նրան:

Այլ մեկ հանգամանք, նա, Կ. Հունանյանը և երրորդ ահաբեկիչ Է. Գրիգորյանը հոկտ. 13-ի նախօրերին մեկնում են Մարտունի ( հաջորդ անգամ և նույն կազմով հոկտ. 24-ին` հոկտ. 27-ից երեք օր առաջ/Մարտունիի Վերին Գետաշեն գյուղում բնակվում էր Հունանյանների քեռի Վռամ Գալստյանը: Ամենայն հավանականությամբ, այդտեղ են պահվել զենքերը:

Շարունակությունը այստեղ

 


Այս թեմայով