Հոկտեմբերի 27-ի պատասխանատուն հայտնի է

1351337138_271999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը ցնցեց երկիրը եւ հայտնի չէ, թե քանի տարով հետ մղեց այն զարգացման բնականոն ընթացքից:

12 տարի անց բոլորին հուզող հարցերը նույնն են` ովքեր էին ոճրագործության պատվիրատուները եւ ինչու չեն պատժվում: Եռաբլուրում ու Պանթեոնում երեկ գրեթե նույն պատկերն էր, ինչ նախորդ տարիներին. ծաղկեպսակներ ԱԺ նախագահից, ՀՀԿ-ից, Պաշտպանության նախարարությունից, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից, այցելություն Հայ ազգային կոնգրեսից` Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ եւ ցավակցական խոսքեր հարազատների կորուստը սգացողներին` այդ ծաղկեպսակների ու այցերի պես` ե՛ւ ձեւական, ե՛ւ անկեղծ:

Ինչպես նախորդ տարիներին, Պանթեոն ու Եռաբլուր էին այցելում նաեւ սովորական քաղաքացիներ: Օրինակ, տիկին Մարիետան իր երկու թոռնիկներին հպարտորեն ցույց էր տալիս Կարեն Դեմիրճյանի շիրիմը: Հարցրինք, թե թոռնիկներին ասո՞ւմ է` ինչպես է զոհվել նա: «Չէ, դեռ փոքր են, կասեմ»,- պատասխանեց: Իր կարծիքով, ո՞վ է մեղավոր հոկտեմբերի 27-ի համար. այս հարցին տիկին Մարիետան պատասխանեց, որ պատասխանատու է համարում ներկա եւ նախկին իշխանություններին եւ համոզված է, որ բացահայտելու հնարավորություն կա, բայց նրանք չեն ուզում դա անել. «Դե, իրենց վնաս է: Եթե ես հանցագործ լինեմ, կուզե՞մ բացահայտվեմ»:

Երեկ Եռաբլուրում թեւածում էր այն կարծիքը, որ Սերժ Սարգսյանը, որ 1999-ին Ազգային անվտանգության համակարգի ղեկավարն էր, այդ իրադարձությունների գլխավոր պատասխանատուն է: Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանին հարցրինք, թե այդ իրադարձության մեջ տեսնո՞ւմ է Սերժ Սարգսյանի մեղքը: «Դուք արդեն ասացիք, որ անվտանգությունն էր ղեկավարում, բնականաբար, ամբողջ պատասխանատվությունը իր վրա էր ընկնում: Ուղիղ իր վրա»,- պատասխանեց նա: Հարցին, թե արդյոք իր կարծիքով հիմա էլ քաղաքականությո՞ւն է տարվում, որ այդ ոճրագործությունը չբացահայտվի, թե՞ ինքն իրենով չի բացահայտվում, Եղիազարյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող ինքն իրենով չբացահայտվել. բացահայտվելու համար ընդամենը կամք է հարկավոր եւ Նաիրի Հունանյանի խոստովանական ցուցմունքները, որոնք վաղ թե ուշ լինելու են»:

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը նույն հարցին ի պատասխան ասաց. «Դա իշխանության քաղաքականությունն է, որ որեւէ այլ բացահայտում չլինի, այդ եղեռնագործության պատվիրատուները չբացահայտվեն: Բայց ես համարում եմ, որ դժվար է դա երկար այսպես պահել, իշխանափոխությունից հետո, կասկած չունեմ, կբացահայտվի հոկտեմբերի 27-ը իր բոլոր մանրամասներով, ինչպես նաեւ մարտի 1-ը: Այդ երկու հանցագործությունները օրգանապես իրար հետ կապված են»:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հորը` Սարգիս Քլոյանին հարցրինք, թե արդյոք համամի՞տ է, որ մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը կապված են իրար հետ. «Երկուսն էլ տեռոր էր, ես կարող եմ այդպես ասել, երկուսն էլ նույն մարդու ձեռագիրն էր, թե ով է այդ նույն մարդը, թող որոշեն իրավապահները: Ես անուն չեմ տա,- պատասխանեց նա` պնդելով: — Նաեւ կապված են նրանով, որ միայն իշխանափոխությունից հետո երկուսն էլ կբացահայտվեն»:

Կոնգրեսի` Պանթեոն եւ Եռաբլուր այցերին մասնակցում էր նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Դժվա՞ր է գտնել հոկտեմբերի 27-ի պատասխանատուին եւ պատժել` հարցրինք նրան: «Ոչ մի դժվարություն չկա այն մարդկանց համար, ովքեր ապրում են այս երկրում, գտնվում են այս երկրի տարածքում կերտված արժեհամակարգում: Քանի որ այդպիսի վիճակ չկա, բոլորը խեղված են եւ շեղված, այդ միջավայրը թույլ չի տալիս, որ նման բաները բացահայտվեն: Եթե այդպիսի վիճակում լինեինք, այդ բաները չէին էլ լինի, իսկ երբ որ խեղված ենք, ապա եւ կլինեն, եւ կանենք, եւ չի բացահայտվի»,- պատասխանեց Մանուչարյանը:

Հոկտեմբեր 28, 2011  «Հայկական Ժամանակ» օրաթերթ

 

Դիտվել է 7,495 անգամ
 


Այս թեմայով