Հնարավոր է, կարճաժամկետ պատերազմական գործողություններ լինեն. Վ. Հակոբյան

Այսօր հրավիրված ասուլիսին քաղտեխնոլոգը  Վիգեն Հակոբյանը նշեց, թե ի տարբերություն լայնամասշտաբ պատերազմի՝ միշտ էլ հավանական է կարճաժամկետ՝ քառօրյա, հնգօրյա, թե վեցօրյա պատերազմական գործողությունները:

«Պարբերաբար հնարավոր է, որ բավական կարճաժամկետ գործողություններ լինեն, բայց չեմ կարծում, որ ստեղծված ֆոնը լայնամասշտաբ պատերազմի կարող է հանգեցնել, այսինքն՝ փոքր պրովոկացիաներ, փոքրիկ գործողություններ կարող են լինել, այդ թվում` նախընտրական շրջանում»,-ասաց նա:

Վիգեն Հակոբյանի կարծիքով` Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի կարող գնալ առանց ուժային կենտրոնների, մասնավորապես Ռուսաստանի հետ համաձայնեցնելու, բայց կարճաժամկետ հարձակումների համար հնարավոր է նաև առանց համաձայնեցման գործել:

«Այս տեսակետից առայժմ լուրջ նախադրյալներ չեմ տեսնում»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի` Վաշինգտոն այցին, որն ադրբեջանական հիստերիա է առաջացրել, Վիգեն Հակոբյանը նշեց` դա կարևորագույն հերթական քայլն է, Արցախի իշխանությունների դիրքորոշումն արդեն անմիջականորեն կարևորագույն ուժային կենտրոններից ԱՄՆ-ին ներկայացնելու համար: Քաղտեխնոլոգի խոսքով`իհարկե, չի կարելի այցը դիտարկել պաշտոնական՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության չճանաչվածությունը:

«Քանի որ արցախյան բանակցությունները մտնում են նոր փուլ, երբ արդեն թե՛ ադրբեջանական, թե՛ ՀՀ-ի կողմից դիրքորոշումները կարծես թե հստակ են, ինչի են համաձայն և ինչին համաձայն չեն, եկել է պահ հասկանալու, թե բուն արցախցիներն ինչի՞ն համաձայն են և ինչի համաձայն չեն, որն է այն կարմիր գիծը, որից այնկողմ չեն կարող անցնել»,-ասաց նա:

«Կարևոր արդյունքը, որ կարող ենք ակնկալել, զուտ քաղաքական PR-ի տեսակետից այն, որ Ադրբեջանի Արցախին մեկուսացնելու քաղաքականությունն, այնուամենայնիվ չի աշխատում՝ անկախ սև ցուցակներից և մեծածավալ փողերի ծախսումից»,-նշեց Վիգեն Հակոբյանը:

Այս թեմայով