ՀՅԴ-ին նյարդայնացնում է անորոշությունը

Gallup International Association-ը նախօրեին հարցում է ներկայացրել, որի համաձայն Կարեն Կարապետյանի վարկանիշը նվազում է, իսկ Սերժ Սարգսյանինն՝ աճում: Սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ Հայաստանում վաղուց կա բավականին ամուր հանրային կարծիք կամ անվստահություն, այստեղ իհարկե խնդիրը կոնկրետ հարցման վստահելիության և անվստահության աստիճանը դիտարկելը չէ, այլ այն, որ նույն կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացնում էր Կարեն Կարապետյանի ավելի քան 80 տոկոս վարկանիշ և որի վրա փաստորեն կառուցվում էր խորհրդարանական ընտրությունների այսպես ասած «սոցիալ-քարոզչական» բազան:

Ահա դրանով իսկ հետաքրքիր է, որ ներկայումս այդ կազմակերպությունը կամա, թե ակամա, իր սոցիալական հարցման նոր տվյալով փաստորեն ձևավորում է արդեն Սերժ Սարգսյանի քաղաքական պլանների «սոցիալ-քարոզչական» բազա՝ արձանագրելով նրա վարկանիշի վերելք և Կարեն Կարապետյանի վարկանիշի նվազում: Որոնք են Սերժ Սարգսյանի պլանները, դեռևս իհարկե պարզ չէ, սակայն ուշագրավ է սոցիոլոգիայի սլաքի փոփոխությունն այդ ուղղությամբ և անկասկած հետաքրքիր է լինելու դիտարկել, թե ինչ ծավալում կարող է ունենալ այդ այսպես ասած միտումը կամ գործընթացը:

Միևնույն ժամանակ իհարկե հետաքրքիր է նաև հետևել ներկայացվող պատկերից բխող վարքին, որ կցուցաբերեն իշխող համակարգի սուբյեկտները: Ի վերջո բացառված չէ, որ իրականացվում է այսպես ասած «հետախուզական» տեխնոլոգիայի կիրառում, շոշափելու համար առկա տրամադրությունները: Այդ տեսանկյունից ուշագրավ է ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ արձագանքը, մասնավորապես խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի շուրթերից:

Նա հայտարարել է, թե հող նախապատրաստում են ոչ թե սոցհարցումներով, այլ գործողություններով: Խոսքը Սերժ Սարգսյանի համար հող նախապատրաստելու մասին է: Այլ կերպ ասած, Արմեն Ռուստամյանը կամա, թե ակամա թերահավատություն է հայտնել Սերժ Սարգսյանի գործողությունների կապակցությամբ, կամ դժգոհություն, որ կոալիցիոն գործընկերը տեղյակ չէ որևէ գործողությունից: ՀՅԴ-ն իհարկե ունի դժգոհելու տեղ, քանի որ առայժմ միակ քաղաքական ուժը, որը հավանություն է տվել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, մնում է ՀՅԴ-ն:

Դեռևս սահմանադրական փոփոխությունների շրջանում նույն Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ, եթե խորհրդարանական կառավարման մոդելը հաստատվում է և կատարվում են այսպես ասած բարեփոխումներ, ապա ՀՅԴ-ն խնդիր չի տեսնում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցում, առավել ևս, որ օրենքը չի արգելում դա: Ըստ ամենայնի՝ ՀՅԴ-ին նյարդայնացնում է անորոշությունը, որ պահում է Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը սկսում է կամաց-կամաց դժգոհել այդ կապակցությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով