ՀՀ և Մալթայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային:

Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Կարմելո Աբելային` Մալթայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարանական կապերի աշխուժացումը։

Նախարարներն անդրադարձել են առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորություններին, քննարկել մշակութային փոխանակումների խթանման ուղիները։

Զրուցակիցները կարևորել են ՀՀ ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ նշելով, որ այն լավ հիմք է Հայաստանի և Եվրամիության, անդամ երկրների միջև համագործակցության համար:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Կարմելո Աբելան ստորագրել են Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը։

Այս թեմայով