ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառվող նվաստացուցիչ գործընթացը պահանջում եմ կանխել

Naira-ZohrabyanԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց որպես  ՀՀ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որին դիմել են ՀՀ քաղաքացիները՝ «Միավորված վիզաների դիմումների կենտրոնում»  նվաստացուցիչ գործընթաց անցնելուց հետո:

 «Ովքեր այս շրջանում ցանկանում են մեկնել արտերկիր հանգստանալու՝ գողգոթա են անցնում, մի նվաստացուցիչ պրոցես՝ վիզայի թույլտվություն ստանալու համար: Միգուցե փորձը այլ երկրներից է վերցված, բայց ասենք, որ մեզ մոտ չի աշխատում այդ մոդելը: Մեր հայրենակիցներին ինչ-որ ժամ են նշանակում, բոլորին մի սենյակ են մտցնում գետտոյի նման, և բոլոր ընտանիքի անդամներին` ծծկեր երեխայից մինչև N տարիքի երեխա, ստիպում են սպասել, մինչև հերթը գա և մի աշխատակից ժամերով փաստաթղթերը նայի»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այդ ընտանիքները պատմել են, թե ինչպիսի  ստորացուցիչ պրոցես են անցնում: «Մենք դիվանագիտական անձնագիր ունենք, բայց պարտավոր ենք դրա մասին խոսել»,- ասաց նա:

ԲՀԿ պատգամավորը նշեց, թե վիզայի կենտրոնը ներմուծվեց, քանի որ դեսպանատներում իբր թե հերթեր էին գոյանում, որպեսզի կենտրոնացված լինի, մինչդեռ ըստ նրա, այդ կենտրոններում մարդկանց գործերը «սկրեպով» միացնելու և հետո դեսպանատուն ուղարկելու համար լրացուցիչ գումար են վերցնում, իսկ «սկրեպի» գինը մոտ `12 հազար դրամ է: «Այսինքն՝  30 000 դրամ են վճարում, որպեսզի 3-4 ժամ սպասեն, դրանից հետո էլ դա  չի ազատում դեսպանատուն գնալուց, մի հատ էլ նույն պրոցեսը անցնում են, էլի մի քանի ժամ սպասելով»,- ասաց նա և դիմեց Արտաքին գործերի նախարարությանը:

«Դիմում եմ ԱԳՆ-ին ԵՄ դեսպանության ներկայացուցչության հետ միասին այս նվաստացուցիչ գործընթացը կանխելու և ճիշտ մեխանիզմներ գտնելու համար: Մենք իրենց քաղաքացիներին հետ այդպես չենք վարվում, և որևէ  մեկը իրավունք չունի նվաստացնել մեր քաղաքացուն»,- ասաց նա:

 

Դիտվել է 155 անգամ
 


Այս թեմայով