ՀՀ վարչապետն աշխատանքից ազատել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից։
Արզումանյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ:

Լուրեր էին տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ:

«Վարչապետը պահանջել է բացատրություններ և կարող եմ վերահաստատել վարչապետի այն տեսակետն ու դիրքորոշումը, որ զինվորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ինչը նաև օրենքն է ասում, իսկ զբաղվելու դեպքում խստագույնս կպատժվեն»,- ասել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Նշենք, որ Facebook-ում «Արցախյան զարթոնք» խմբի կողմից լուսանկար էր տարածվել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, որը ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին:

Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Այս թեմայով