ՀՀ ՊՆ-ն հերքում է երեխային վիրավորելու մասին ադրբեջանցիների պնդումները

Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել 13-ամյա երեխա, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է վերը նշված տեղեկությունը և հայտարարում, որ երեկ երեկոյան և անցած գիշերվա ընթացքում հայկական զինված ուժերը, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որևէ զինատեսակից կրակ չեն բացել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք և որևէ պարագայում նշանառության տակ չեն վերցնում խաղաղ բնակավայրերը։

Ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքն ի հայտ է գալիս նույնիսկ իրենց տարածած լուսանկարներում, ուր պարզ երևում է, որ երեխայի վերքերն ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ օգոստոսի 7-ին իբր ստացած բեկորային վնասվածքների հետ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, ինչպես նաև նախազգուշացնում, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների»,– ասվում է հաղորդագրությունում։

Դիտվել է 94 անգամ
 


Այս թեմայով