ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ հերքում է տարածված տեղեկատվությունը

«Հրապարակ» օրաթերթի սեպտեմբերի 19-ի համարում և կայքէջում հրապարակվել է հոդված ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց երեխաների մասնակցությամբ ինչ-որ վիճաբանության և ծեծկռտուքի մասին:
Ըստ լրատվամիջոցի՝ ծեծկռտուքի մասնակիցներն են ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների որդիները: Հոդվածում արված են գուշակություններ «Էրեբունու գողականների շրջանում լարված մթնոլորտի» և «սպասվող առճակատումների մասին»:
ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ հերքում է տարածված տեղեկատվությունը: ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց անունների հիշատակմամբ ու բացահայտ ստի տարածման եղանակով «Հրապարակի»՝ հանրությանը ներկայանալու գործելակերպը գնահատում ենք որպես ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը խարխլելու ճղճիմ ու ժողովրդավարական հասարակությանը հարիր լրատվամիջոցին պատվազրկող ակտ: Նման հոդվածներն առաջին հայացքից ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին վերաբերող, սակայն ավելի շատ ՀՀ ոստիկանության համակարգի դեմ ուղղված և անազնիվ շարժառիթներով պայմանավորված քարոզչություն են:
Հուսով ենք, որ լրատվամիջոցն իր մեջ բավարար «խիզախություն» կգտնի տարածված ապատեղեկատվությունը հերքելու ուղղությամբ:
Լրատվամիջոցին տեղեկացնում ենք, որ բացահայտ կեղծիք հանդիսացող կամ այլ կերպ փաստացի անճշտություն պարունակող տեղեկությունների հրապարակման դեպքում ՀՀ ոստիկանությունը հետևողականորեն, օրենքով նախատեսված բոլոր թույլատրելի միջոցներով հետամուտ է լինելու անճշտությունների հերքմանը:

 


Այս թեմայով