ՀՀ-ն գտնվում է խորը ճգնաժամի մեջ

Galust-Sahakyan2ԱԺ-ն քսան րոպե ընդմիջում հայտարարեց՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկով:

Նա իր վրդովմունքը հայտնեց, որ ԱԺ քառօրյայի օրակարգում չի ներառվել ընդդիմության ներկայացրած Կառավարության ճգնաժամի մասին հարցի արտահերթ քննարկումը. «Վերջին իրադարձությունները եւս վկայում են, որ ՀՀ-ն գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Կարո՞ղ ենք հասկանալ՝ ինչո՞ւ հարցը չկա օրակարգում»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ ասելով. «Դուք երկու նախագիծ եք ներկայացրել, մեկը քննարկել ենք, երկրորդ մասով չենք կիսում ձեր կարծիքը. տագնապներ հաղորդելով որեւէ բան առաջ չի գնա: Ձեր նշած խնդիրը կդրվի քննարկման»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե ԱԺ մեծամասնությունը չի կիսում ընդդիմության տեսակետը, թե պետք է արտահերթ քննարկել Կառավարության ճգնաժամը, ասաց. «Թե ինչ է կիսում ԱԺ մեծամասնությունը, դա ձեր էմոցիաների դաշտում գտնվող խնդիր է: Կա արտահերթ ու իմպերատիվ ձեւով քննարկվելու դրված խնդիր, ես ուղղակիորեն հորդորում եմ ԱԺ ղեկավարությանը, առաջնորդվել բացառապես Կանոնակարգ օրենքով ու արտահերթ հարցը դնել քննարկման»:

Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Կանոնակարգը իմպերատիվի հարց չի դնում. «Կա ուղղակի անհետաձգելի հարցերի քննարկում, ու ԱԺ նախագահն ինքն է որոշում, թե օրենքներն ինչ ժամկետներում կներկայացվեն: Եթե հասցնենք այս քառօրյայում կքննարկենք, եթե ոչ, ապա մյուս քառօրյային: Դա ձեզ  համար իմպերատիվ է, ինձ համար ընդդիմության հնարք է, որը որեւէ տեղ չի տանում»:

Դիտվել է 85 անգամ
 


Այս թեմայով