ՀՀ Նախագահն ընդունել է Նիդերլանդների Սենատի նախագահին. հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վերահաստատել հայ-նիդերլանդական բարեկամությունն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով առավելագույնս ամրապնդելու Հայաստանի շահագրգռվածությունը: Նախագահը մեծապես կարևորել է նաև համագործակցությունը միջազգային կառույցներում:

Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել երկու բարեկամ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում կայացող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահի այցը Հայաստան:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Նիդերլանդները, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով, հասարակական զարգացումներով, լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Հանրապետության Նախագահը և Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահը զրույցի ընթացքում անդրադարձել են Հայաստանում հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգի անցնելու պայմաններում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին և օրենսդրության համապատասխանեցմանը նոր իրողություններին ու պահանջներին: Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու բարեփոխումները, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ:

Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Նիդերլանդներն իր խորհրդարանական ժողովրդավարության դարավոր փորձով ևս կարող է այս ժամանակահատվածում օգտակար լինել Հայաստանին՝ առավել արդյունավետ դարձնելով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու գործընթացը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջխորհրդարանական դիվանագիտության դերը պետությունների հարաբերություններում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համագործակցությանը, այդ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա ծրագրերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

 


Այս թեմայով