ՀՀ Նախագահը ստորագրել է ձմեռային զորակոչի և զորացրման մասին հրամանագիր

Սերժ-սարգսյանՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ստորագրել է 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նախագահի հրամանագրում ասված է.

 «Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները՝ որոշում եմ.

 1. 2015 թվականի նոյեմբեր — 2016 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

3. 2015 թվականի նոյեմբեր — 2016 թվականի հունվար ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Դիտվել է 53 անգամ
 


Այս թեմայով