Home » Real Politik » ՀՀԿ-ում ոչ բոլորն են խելացի. ՀՀԿ-ական պատգամավորը կոճակ սեղմողների և կառավարության մասին

ՀՀԿ-ում ոչ բոլորն են խելացի. ՀՀԿ-ական պատգամավորը կոճակ սեղմողների և կառավարության մասին

okok«Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանը: Շատ կարևոր է, որ հնարավորություն տրվի զարգացնել արդյունաբերությունը, որը կբերի արտահանման ծավալների մեծացման: Մինչև մեր արտահանման ծավալը չկազմի երկրի ՀՆԱ-ի 50 տոկոսը, մենք չենք կարող ասել, որ գործ ենք անում: Ներկայումս արտահանումը կազմում է ՀՆԱ-ի 2-3 տոկոսը, ինչը կործանվող տնտեսության ցուցանիշ է»,-անդրադառնալով նոր ձևավորվող կառավարության հնարավոր առաջնահերթություններին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` ավելացնելով, որ ամեն մարդ պետք է աջակցի նոր կառավարությանը, որպեսզի երկիրը դուրս բերվի այս վիճակից։

«Կարեն կարապետյանը երկիրը զարգացնելու համար է եկել, և բնականաբար բոլորս պետք է նրա կողքին լինենք»,-ասաց պատգամավորը Politik.am-ի հետ զրույցում: Մեր զրուցակիցը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի կողմից նշանակված վարչապետ է և նպատակը ՀՀԿ-ի իշխանությունը սահմանափակելն է. «Պարտադիր չի, որ կառավարության ղեկավարը լինի հենց հանրապետական, բայց իշխանության համար պատասխանատու է ՀՀԿ-ն: Հանրապետականը ինչ ծրագրերով եկել է իշխանության՝ պետք է վերահսկի, որպեսզի դրանք իրականացվեն: Հո բոլոր հանրապետականները մասնագե՞տ չեն: Կառավարության ղեկավարը պետք է խելացի մարդ լինի, ԱԺ ղեկավարը պետք է խելացի մարդ լինի, և ազգային ժողովի պատգամավորները պետք է խելացի լինեն»,-ասաց պատգամավոր Աղաբաբյանը` ավելացնելով, որ սխալ է, երբ այլ երկրների օրենքները բերում և դարձնում են հայակական. «Գնում ֆրանսիական օրենք են բերում, անգլիական օրենք են բերում՝ առանց հաշվի առնելու մեր առանձնահատկությունները»,-ասաց պատգամավորը:

Աշոտ Աղաբաբյանը նաև կարծում է, որ ԱԺ Հանրապետական խմբակցության ոչ բոլոր անդամներն են խելացի. «Չեմ ուզում անուններով առանձնացնել: Ամեն մեկն էլ իր անցած ճանապարհով ցույց է տվել, թե ինչ խելքի տեր է: Մարդիկ ցույց են տվել, թե որքանով են խելացի և թե որքանով են հասարակությանը պետք»,-նշեց պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` հավելելով, որ չի ընդունում կոճակ սեղմող պատգամավորներին:

Դիտվել է 459 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy