ՀՀԿ–ն մտնում է կոնֆլիկտների փուլ. Վիգեն Սարգսյանի հեղաշրջումը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը եւս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը»,– ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմեն Աշոտյանի ու Վիգեն Սարգսյանի կողմից գլխավորելու հավանականության մասին հարցին: Դժվար է ասել՝ Շարմազանովը հատուկ չէր հիշատակել Վիգեն Սարգսյանի օրինակը, թե պարզապես մոռացել էր: Բայց այն հանգամանքը, որ նիստի արդյունքներով Վիգեն Սարգսյանը ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ ու հենց ինքն էլ գլխավորելու է նախընտրական ցուցակը, ցույց է տալիս, որ հայտնի նիստն այդքան հարթ չի անցել:

Դեռեւս թավշյա հեղափոխությունից առաջ, անցյալ տարվա վերջում եւ այս տարվա սկզբում, երբ դեռ անորոշ էր ՀՀԿ–ի՝ վարչապետի թեկնածուի անունը, քննարկվող տարբերակներից մեկը Վիգեն Սարգսյանին՝ որպես Սերժ Սարգսյանի ժառանգորդի վարչապետի թեկնածու ընտրելն էր: Սակայն ակնհայտ էր, որ Վիգեն Սարգսյանի թեկնածության շուրջ կան ներկուսակցական խնդիրներ: Ընդ որում, խնդիրներ ոչ միայն առավել տեսանելի շերտերում՝ կապված նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա աջակիցների վարչապետական ամբիցիաների հետ, այլեւ խնդիրներ ընդհանրապես: Ակնհայտ էր, որ Վիգեն Սարգսյանի թեկնածության շուրջ վերապահումներ ունեին թե՛, այսպես ասած, ավագ սերնդի, թե՛ նոր սերնդի հանրապետականները: Վերապահումներ կային նաեւ Կարեն Կարապետյանի թեկնածության հետ: Արդյունքում այս համատարած վերապահումները հանգեցրեցին միակ եւ անփոխարինելի համարվող Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրմանը: Դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանի՝ անփոխարինելիության հիմքով առաջադրումը ներկուսակցական վերապահումների ու դրանցից բխող պառակտումների դեմն առնելո՞ւ համար էր, թե՞ ինքը՝ Սերժ Սարգսյանն էր կուրացնում այդ վերապահումները՝ վերջնարդյունքում անփոխարինելի լինելու համար: Բայց փաստ է մի բան, որ ընտրված տարբերակը դարձավ իշխանափոխության պատճառ:

Հիմա, երբ այլեւս պարզ է, որ ոչ միայն Սերժ Սարգսյանի հրապարակային քաղաքական վերադարձն է անհնար, այլեւ սխալ էր նաեւ իր առաջադրումը վարչապետի պաշտոնում, ՀՀԿ–ում ստեղծվել է բնական մրցակցության վիճակ: Վիճակ, որտեղ հանգուցալուծումը կախված է լինելու ոչ թե կոմպրոմիսից, այլ կոնֆլիկտից ու այն հանգամանքից, թե ով կհաղթի այդ կոնֆլիկտում: ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի՝ հայտարարվածից ավելի ձգված նիստերը, նիստին հաջորդած հայտարարությունները եւ այս ամենի կոնտեքստում Վիգեն Սարգսյանի դերակատարման էական ընդգծումը

ցույց են տալիս, որ ներկուսակցական կոնֆլիկտում հաղթել է Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանն, այսպես ասած, հաղթել է հետաձգված մարտում: Չի բացառվում, որ նրա հիմնական հաղթական խաղաքարտը եղել է մատնանշումն այն հանգամանքի, որ եթե ՀՀԿ–ն ժամանակին մի կողմ դներ իր հանդեպ եղած վերապահումները, գուցե կարիք չլիներ դա անել հիմա, երբ արդեն կա ոչ թե իշխանություն լինելու, այլեւ ընդհանրապես լինելու խնդիր: Այս իմաստով Վիգեն Սարգսյանը նախօրեին փոքրիկ հեղաշրջում է արել ՀՀԿ–ում: Գուցե այդ հեղաշրջումը հաջողել է նաեւ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Սակայն ակնհայտ է նաեւ Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, նախաձեռնողականությունը, ՀՀԿ–ի կարգավիճակի փոփոխության դժվար ճանապարհին դրոշակակրի պատասխանատվության ստանձնման ինքնաբուխ մոտիվացիան:

Անկախ նրանից՝ Վիգեն Սարգսյանն է հեղաշրջել ՀՀԿ–ն ու կյանքի կոչել իր առաջնորդության ամբիցիաները երկրորդ փորձից, թե դա իր փոխարեն արել  է Սերժ Սարգսյանը, պարզ է մի բան, որ ՀՀԿ–ն այլեւս զրկված լինելով իշխանությունից՝ հայտնվել է նոր քաղաքական իրավիճակում, առավելապես ներքին իմաստով: Այլեւս չկա առկա կոնֆլիկտները կոմպրոմիսով լուծելու հրամայականը, հրամայական, որն առարկայական էր՝ հաշվի առնելով, որ ցանկացած ներքին կոնֆլիկտ կարող էր բերել պառակտման ու իշխանության կորստի: Իսկ իշխանությունն ու այն կորցնելու վտանգը ՀՀԿ–ի միակ առանցքն էին: Իշխանությունն այլեւս կորսված է, հետեւաբար չկա նաեւ այն կորցնելու վտանգն ու այդ վտանգից խուսանավելու համար ինքնանպատակ կոմպրոմիսների գնալու անհրաժեշտությունը: ՀՀԿ–ն մտնում է ներքին կոնֆլիկտների փուլ ու ըստ այդմ ստանում է թե՛ այդ կոնֆլիկտից ուժեղացած դուրս գալու շանսեր, թե՛ այդ կոնֆլիկտներից վերջնականապես փլուզվելու վտանգներ: Ամեն ինչ կախված է մեկ բանից՝ արդյոք հիմա՝ իշխանության կորստից, կուսակցաշինության վրա վատնված տարիներից հետո կստեղծվի իսկապես ներկուսակցական դեմոկրատական մոդել, որը քաղաքական կոնֆլիկտները կդարձնի քաղաքակիրթ պրոցես՝ իր արեւմտյան անալոգներով, թե այդ կոնֆլիկտները կմնան անձնական ինտրիգների մակարդակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով