ՀՀԿ-ն ընտրատեղամասերում հաղթանակ տարավ խախտումներով. Human Rights Watch

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, հինգշաբթի հրապարակած ամենամյա զեկույցում անդրադառնալով Հայաստանին, նշել է, որ անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում իշխանություններին չհաջողվեց բարելավել հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ, իշխող Հանրապետական կուսակցությունն ընտրատեղամասերում հաղթանակ տարավ խախտումների մասին հաղորդումների ֆոնին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր 28-րդ ամենամյա 643 էջանոց զեկույցը, որում կազմակերպության փորձագետները գնահատել են մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն աշխարհի 90 երկրներում:

Հայաստանի մասով կազմակերպությունը նշում է նաև, որ ցուցարարների և լրագրողների, այդ թվում նաև 2016 թվականի հուլիսին Երևանում տեղի ունեցած հիմնականում խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները նույնպես պատասխանատվության չենթարկվեցին:

Իրավապաշտպանները նշել են, որ ցույցերի պատճառ դարձած ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 32 ամբաստանյալներից չորսը հաղորդել են կալանքի տակ գտնվելու վատ պայմանների ու վերաբերմունքի մասին:

Իրավապաշտպանները ենթարկվել են սպառնալիքների, բացի այդ, շարունակում է լուրջ խնդիր մնալ ընտանեկան բռնությունը: Կազմակերպությունը նշել է, որ չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ խորհրդարանում ներկայացվել է օրենքի նախագիծ, բայց կանանց իրավունքներով զբաղվող խմբերն այն չեն պաշտպանել՝ մտավախություններից ելնելով, որ այն ընդգծում է ընտանիքները միասնական պահելու անհրաժեշտությունը՝ բռնության զոհերին պաշտպանելու փոխարեն:

Հաշմանդամ շատ երեխաներ չեն ստանում որակյալ կրթություն և ապրում են հաստատություններում՝ իրենց ընտանիքներից հեռու: Իրավապաշտպանների հաղորդմամբ՝ շարունակվում է կանանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ, ինչպես նաև սեռական կողմնորոշման հիման վրա խտրականությունը:

Կազմակերպությունը զեկույցում նշել է նաև, որ Հայաստանը և Եվրամիությունը նոյեմբերին ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որի նպատակն է ուժեղացնել քաղաքական երկխոսությունը, մեծացնել տնտեսական համագործակցությունը և բարեփոխումներ իրականացնել՝ այդ թվում նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում:

Իրավապաշտպանները նշել են 2017 թվականի մարտին Հայաստանի կողմից Դպրոցների անվտանգության մասին միջազգային հռչակագրի ընդունումը, որով Հայաստանը պարտավորվել է ավելին անել զինված հակամարտությունների ընթացքում ուսանողներին, աշակերտներին և դպրոցները պաշտպանելու համար:

Այս թեմայով