Հիշեիր, թե ուր ես գնում, թե ում ես պարտական հիմա «կռազի շոֆեր» չլինելուդ համար

գեներալ-Մանվել«Հրապարակ»-ը գրում է. Մանվել Սեկտորի Գրիգորյանի մասին կարելի էր գրել շատ վաղուց և շատ լուրջ առիթներով. օրինակ, 2000թ., երբ նա դարձավ ԵԿՄ նախագահ, և, փաստորեն, ԵԿՄ-ն եղավ նրա գրաված վերջին տարածքը, քանի որ նրա ղեկավարությամբ ԵԿՄ-ն վերածվեց կիսաանեկդոտային, անատամ, իշխանության կցորդ կառույցի, որից աստիճանաբար հեռացան իսկական երկրապահները’ տեղները զիջելով ասֆալտի ֆիդայիներին: Հիմա վստահ կարելի է պնդել, որ ցանկացած մեկ ուրիշ երկրապահ նրանից ավելի արժանապատվորեն կղեկավարեր ԵԿՄ-ն, այո, այդ թվում’ Ալբերտ Բազեյանը. նրա «դուխը» հերիքում էր’ ողջ ԵԿՄ-ով հանդերձ, կանգնել Ռոբերտ Քոչարյանին ընդդիմացած հայ ժողովրդի կողքին: Հազար անգամ կարելի էր գրել 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո և հիշեցնել, թե ով ով է: Կարելի էր գրել 2008թ., երբ մի ամբողջ ժողովուրդ Ազատության հրապարակում սպասում էր նրա հայտնությանը, որն այդպես էլ չեղավ: Կարելի էր գրել, երբ նա որոշեց հիմա էլ «գրավել» Ազգային ժողովը և գնաց-նստեց զանազան էգ և արու առյուծների ու շուշանների կողքին: Վերջիվերջո, նրա մասին կարելի է գրել ամեն անգամ, երբ պատահաբար լրագրողի է հանդիպում և իր մտքի «ուշունցախառն» գոհարները շաղ տալիս: Բայց մինչև հիմա ինչ էլ որ գրվել է նրա մասին, միշտ հաշվի են առել պատերազմում նրա վաստակը և մի քիչ էլ ներողամիտ հումորով վերաբերվել նրա կերպարին: Եվ’ շատ իզուր: «Ես հաղթանակին հասել եմ իմ մարտական ընկերների սխրանքների գնով», այսինքն, մեկը չի եղել, ասի’ Մանվել ջան, հաղթանակին դու չես հասել, այլ ամբողջ ժողովուրդը, նաև’ քո սխրանքի գնով: Հաջորդը. «Հոկտեմբերի 27-ը համայն ժողովրդի վիշտն է: Սա չի նշանակում, որ երկրապահը հրաժարվում է ոճիրի բացահայտման հարցում իր պահանջատիրությունից: Երկրապահը մինչև վերջ հետամուտ է լինելու հանցագործության բոլոր շերտերի բացահայտմանը’ գործելով բացառապես օրինականության դաշտում: Երկրապահ կամավորականները հակված չեն համազգային մեծ վշտի հաշվին հեղինակություն վաստակել’ գոհացնելով այս կամ այն ուժին»: Տեսնես հիմա ո՞ր փուլում է Մանվելի պահանջատիրությունը: «Ամենաերիտասարդ թոշակառուի» և «Վերջին բոլշևիկի» անձնական գործածության գեներալը նաև հավատացնում է. «Ես այս ժողովրդի զավակն եմ: Պայքարս եղել է իմ ժողովրդի ազատության համար: Գիտակցում եմ, որ մեր պայքարն ավարտված չէ: Ընդհակառակը, շարունակելու եմ իմ գործը, անելիքներ շատ կան»: Աստված հեռու տանի, որովհետև Հայաստանում հազիվ թե գտնվի մարդ, որ այս խոսքերի մեջ սպառնալիք չտեսնի’ բոլորը գիտեն, թե Մանվել Սեկտորիչն ինչպես է պայքարում Էջմիածնում, ինչպես է Էջմիածինը «սեկտոր առ սեկտոր» «ազատագրելով» առաջ գնում. քաղաքը նվիրել է տղային’ ի տնօրինություն, աղջկան դատավոր է կարգել, տղան «հերոսաբար» ծառայում է բանակում, ճիշտ է’ գեներալ հայրիկը հոգացել է, որ բալիկի մատը փուշ չմտնի, և ծառայությունն անցնի պաշտպանության նախարարությունում: Վերջինս, ի դեպ, վաղուց վերածվել է օլիգարխների ու պաշտոնյաների բալիկների «այլընտրանքային զորամասի». համ անունը ծառայություն է, համ էլ ով չգիտե՞, որ դա ծառայություն չէ: Արցախյան ազատամարտի շատ ու շատ մասնակիցներ այսօր օրվա հացի, դեղի, փողի խնդիր ունեն, նրանք մենակ են մնացել իրենց հիշողությունների և այսօրվա անելանելի վիճակի հետ: Նրանք, ովքեր ժամանակին Մանվելի նման հոտառություն չեն ունեցել, որ մի բան «կպցնեն» ու գլուխները պահեն, այսօր ստիպված իշխանություններից ուշադրություն և արդարություն են պահանջում ոչ միայն իրենց, այլև հուսահատության եզրին հայտնված ողջ ժողովրդի համար: Նրանցից շատերը պատերազմն սկսել են որպես ջոկատի հրամանատար, ազնվաբար կռվել իրենց բաժին կռիվը: Եվ Մանվելը, վստահաբար, չի վաստակել բողոքող կամ լուռ մնացած ազատամարտիկներին «հաթաթա» տալու իրավունքը: Ով’ ով, բայց Մանվելը հրաշալի գիտե, որ պատերազմի ժամանակ իրենից պակաս տղաներ չէին, օրինակ, Ստեփանավանի ջոկատի հրամանատար Հրաչը, Նոյեմբերյանի Մուրոն, Իջևանի Ժոկոն, 26-ի Հովոն, հենց նույն Ալբերտ Բազեյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Աֆոն և էլի շատերը: Մանվելը, չեմ ասում’ գեներալի, այլ զինվորի պատվի վերջին մնացորդները նետեց գետնին, երբ իջավ Լֆիկին ու Լիսկային իր կողքին մարտնչած ազատամարտիկ ներկայացնելու աստիճանի: Ոչ ոք չի մոռացել, թե ով էր Գորիսում Լիսկան, երբ կար Կոռնիձորի Արոն, կար հետո զոհված Համլետ Քոչարյանը: Չեն մոռացել, որ պատերազմում Լիսկայի մասնակցությունը կապված է միայն Հորադիզի խայտառակության հետ: Հերոսից հակահերոսի վերածված Մանվել Գրիգորյանն արդեն 20 տարի բարձր գներով վաճառում է պատերազմին իր մասնակցությունը: Վերջում կուզեի ասել. Վազգենի մոր մոտ գնալդ «տելեվիզրով» նկարել տալուց առաջ հիշեիր, թե ուր ես գնում, թե ում ես պարտական հիմա «կռազի շոֆեր» չլինելուդ համար: Եվ… լեզուդ կուլ տուր, երբ ասում ես. «Հասնում ենք սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքին, ու ժամանակը կգա՝ կանցնենք», որովհետև նաև քո մեղքով է, որ ճիշտ հակառակն է, իսկ այսպիսի Հայաստան միայն դու և քո ասած’ «Հայաստանի անդամ» լիսկաները կամ ձեր կուշտ ստրուկները կարող էին երազել:»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում

Դիտվել է 3,182 անգամ
 


Այս թեմայով