Հինգ օգուտ, որ ստացավ ԱԱԾ պետը գաղտնալսման պատմությունից. կբացահատվե՞ն հանցագործները

Այս տարվա սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Տվյալ գաղտնալսումը հանցագործություն էր Հայաստանի Հանրապետության դեմ, քանի որ գաղտնալսել էին երկրի Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ այս գաղտնալսումը հեղափոխական իշխանության դեմ գործող ուժերի ձեռքի գործն է։ Հետաքրքիր է, որ այս գաղտնալսումը, բացի նոր իշխանություններին հարված լինելուց, օգուտ բերեց նաև իշխանության որոշ ներկայացուցիչների, այս դեպքում՝ Արթուր Վանեցյանին։ Իհարկե մեր կողմից չկա մեղադրանք ուղղված Արթուր Վանեցյանին, բայց մտահոգիչ են գաղտնալսում իրականացրած՝ հանրությանն անհայտ անձանց շարժառիթները։ Գաղտնալսման հրապարակումից Վանեցյանի ստացած դիվիդենդները հարցեր են առաջացնում օբյեկտիվ քաղաքացու մոտ, ուստի՝ փորձենք կետ առ կետ ներկայացնել դրանք․

Առաջինն այդ ձայնագրությունն ստեղծեց տպավորություն, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն է այն մարդը, ով սարսափեցնում է հակահեղափոխականներին, և հենց նրա դեմ է գնում հիմնական պայքարը՝ Փաշինյանին հավասար: Այսինքն՝ Փաշինյանն ու Վանեցյանը հավասար են հեղափոխության պահպանման գործում:

Երկրորդ օգուտն այն էր, որ ձայնագրությունց պարզ դարձավ, որ նա ավելի սառն է դատում, իր համար կարևորը պետական շահն է և ի տարբերություն Սասուն Խաչատրյանի՝ ինքը պետական գործիչ է:

Երրորդ օգուտն այն է, որ նա է այն մադը, ով կարողանում է ռուսների հետ հարցեր լուծել: Այդ առումով նոր իշխանությունների համար նա դառնում է անփոխարինելի բանալի դեպի Ռուսաստան բացվող դռան համար:

Չորրորդ՝ նա այն մարդն է, ում հետ վարչապետ Փաշինյանը պետական հարցեր է քննարկում, վստահում նրան, ուստի՝ Փաշինյանի հետ հարց ունեցողների համար ամենակարճ և հարմար ճանապարհը պետք է անցնի Վանեցյանի աշխատասենյակով:

Եվ վերջապես հինգերորդ՝ գաղտնալսման հրապարակումից հետո, երբ հայտարարվեց, որ Վանեցյանի կյանքին վտանգ է սպառնում, նա տեղափոխվեց կառավարական ամառանոց և 24 ժամ շարունակ կարող է գտնվել Փաշինյանի կողքին՝ առավել կարևորելով իր դերը իշխանության ներսում, ինչո՞ւ չէ նաև վերահսկել, թե ովքեր են գնում-գալիս վարչապետի մոտ:

Հ․ Գ․ Պետք է ենթադրել, որ Արթուր Վանեցյանը շահագրգռված է հնարավորինս շուտ հանրությանը հրապարակային ներկայացնել, թե ովքեր են այս հանցագործության հեղինակները, հատկապես այն դեպքում, երբ նա հայտարարել է, որ գաղտնալսում իրականացնողների շրջանակը հայտնի է։

Այս թեմայով