Հերթը հասավ Տարոն Մարգարյանին. նրան պաշտոնանկ կանե՞ն

տարոն մարգարյան«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ աշխատանքից ազատվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը, իսկ հերթի մեջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է: Այդ փոփոխությունները պայմանավորվում են նրանով, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է անում բոլոր նրանց, ովքեր չեն կարողացել Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ապահովել Այո-ի հաղթանակը, կամ Այո-ի անաղմուկ հաղթանակը: Հետաքրքրական և ինչ-որ առումով նաև հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը սկսում է Երևանից:

Բանն այն է, որ 2017-ի խորհրդարանական գործընթացին նախորդող զարգացումների, սահմանադրական նախերգանքի մեջ ստվերում մնաց մեկ այլ կարևոր քաղաքական հանգրվան, որ սպասում է 2017-ին: Դա Երևանի ավագանու, այսինքն՝ Երևանի քաղաքապետի ընտրությունն է: Սա համապետական չէ, բայց դրան հավասարազոր կիսապետական ընտրություն է, և ավելին է իհարկե, եթե հաշվի առնենք, որ Երևանը Հայաստանի ռեսուրսային բազայի մոտ 2/3-ն է: Ավելին, երբ վերացվում է նախագահական իշխանության առաջնային մանդատը և պետության նախագահը դառնում է նշանակովի, Երևանի քաղաքապետի մանդատն ըստ էության դառնում է առնվազն կիսանախագահական, քանի որ այդ քաղաքապետի ընտրությանը մասնակցում է գրեթե նույնքան մարդ, որքան մասնակցում է խորհրդարանական ընտրություններում: Եվ այդ պայմաններում Երևանի քաղաքապետը կառավարման նոր մոդելի պարագայում ըստ էության դառնում է երկու առաջնային մանդատներից դե ֆակտո մեկը՝ խորհրդարանից հետո:

Այսինքն, կա խորհրդարանական առաջնային մանդատը և դե ֆակտո երկրորդը՝ ի դեմս Երևանի քաղաքապետի: Ասել կուզի ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում Երևանի քաղաքապետի պաշտոնի քաղաքական նշանակությունն ավելի է բարձրանում, որքան էլ զուտ գործընթացային առումով իշխանությունը փորձի այն տեղավորել լոկ ՏԻՄ մակարդակում: Ավելին, այն, որ Սերժ Սարգսյանն ըստ էության սկսում է Երևանի վարչական շրջաններից՝ իհարկե դե յուրե պաշտոնանկ անողը նա չէ, վկայում է, որ իշխանության համար Երևանի կշիռն իհարկե էլ ավելի է բարձրանում: Սա կարող է նշանակել, որ Սարգսյանը ոչ միայն ձեռնամուխ է լինում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը, հաշվի առնելով 2015-ի հանրաքվեի այսպես ասած դասերը, այլ նաև զուգահեռ ձեռնամուխ է լինում Երևանի քաղաքապետի ընտրությունների «թիմային» վերադասավորմանը, հատկապես, եթե նկատի առնենք, որ վարչական շրջանների ղեկավարներն ըստ էության հանդիսանում էին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմը:

Եվ սա նշանակում է, որ ըստ էության Սերժ Սարգսյանը սկսում է Տարոն Մարգարյանի թիմի փոփոխություն: Եվ այստեղ, իհարկե հարցն այն է, թե ինչով է ավարտվելու այդ փոփոխությունը, այսինքն՝ փոխվելու է Տարոն Մարգարյանի թիմի կազմը, թե թիմն ընդհանրապես, այսինքն՝ վերջին փոփոխությունը կլինի այն, որ ՀՀԿ-ն 2017 թվականին չի առաջադրի Տարոն Մարգարյանին: Եթե, իհարկե նրան չհեռացնի մինչ այդ, ինչն ընտրովիության սկզբունքից հետո Երևանում կարծեք թե դարձել է պրակտիկա՝ քաղաքապետերը հեռանում են ժամանակից շուտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 400 անգամ
 


Այս թեմայով