Հենց Քոչարյանի դատավարության ավարտի օրը Փաշինյանը սպառնալիքներ հնչեցրեց դատարանների հասցեին. Սա պատահական չէ. Ալումյան

Մենք տեսանք, որ դեկտեմբերի 4-ին, երբ ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավարությունը, նույն օրը Նիկոլ Փաշինյանը Աշտարակում ելույթ ունենալով սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

«Մենք գտնում ենք, որ սա պատահական չէ, գտնում ենք, որ թեեւ այդ սպառնալիքները քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղակի ուղղված էին այն դատավորին եւ այն դատարանին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ կայացնի որոշում: Սպառնալիքի ընդհանուր բովանդակությունը հետեւյալն էր, որ՝ մենք նախորդ իշխանություններին կբերենք դատարաններ։ Ճիշտ է՝ այնտեղ որոշ ուրիշ տերմինալոգիա կա՝ մկներ, սերմացու և այլն, բայց իմաստն այն է, որ նախորդ իշխանություններին կբերենք դատարան, կդատենք, իսկ եթե պարզվի, որ դատական համակարգում կան նրանց դրածոները, ապա կդատենք նաև նրանց»,-ասաց Ալումյանը:

Նա նկատեց, որ այս ոլորտում այսօր իրավիճակը նույնն է, ինչ նախորդ իշխանությունների նկատմամբ, նույնիսկ ավելի վատն է. «Եթե այս իշխանությունները պետք է տարբերվեն նախորդներից, ինձ թվում է, առաջին հերթին պետք է տարբերվեն նրանով, որ պետք է բացառվի ճնշումը դատական համակարգի նկատմամբ, նույնսիկ ամենալավ նպատակներից ելնելով:

Չեն կարող այսպիսի հայտարարություններ արվեն, եւ չպետք է մարդկանց մոտ թշնամանք գեներացվի դատավորների նկատմամբ: Դատավորները որոշումներ կայացնելիս չպետք է զգան այն վիճակում, որ եթե իրենք՝ ելնելով իրենց ներքին համոզմունքից, օրինակ, գտնեն, որ պարոն Քոչարյանին պետք է ազատել, իրենք հայտնվելու են թիրախի կարգավիճակում, իրենք համարվելու են նախորդ իշխանությունների դրածո, նրանց պատվերը կատարող: Չի կարելի այդպես վարվել դատական համակարգի նկատմամբ»,-հայտարարեց փաստաբանը:

Նա խոստովանեց, որ այսօր կա հանրային պահանջմունք, որ իշխանությունները ճնշեն դատարաններին. «Բայց դա բոլոր դեպքերում չպետք է արվի: Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, որ կարելի է իրենց կարծիքով լավ նպատակների համար դատարաններին 1-2 անգամ ճնշել, նրանք հաշվի չեն առնում, որ վաղը նույն տրամաբանությամբ իրենք են հայտնվելու այդ նույն դատարանի առջեւ եւ այդ մեխանիզմները գործելու են նաեւ իրենց նկատմամբ: Ես կոչ եմ անում այս ոճից հրաժարվել եւ դատական համակարգի նկատմամբ նման ճնշումներ չգործադրել:

Սա ամենամեծ ճնշումն է, որ հնարավոր է գործադրել դատարանների նկատմամբ: Մեր համոզմամբ օրն էլ պատահական չէր ընտրված: Դեկտեմբերի 4-ին, երբ պարոն Քոչարյանի վերաբերյալ դատական նիստերն ավարտվեցին եւ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, նույն  օրը  հնչեցին այդ սպառնալիքները դատական համակարգի նկատմամբ:

Մեր հիշողության մեջ դեռ թարմ են նախորդ սպառնալիքները եւ լուտանքները այն դատավորի վերաբերյալ, որը օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանից պարոն Քոչարյանին ազատ էր արձակել»:

Քոչարյանի փաստաբանը կարծիք հայտնեց, որ այն դատավորները, որոնք ենթարկվում են իշխանական ճնշումների, նրանք հենց այն դատավորներն են, որոնք հետագայում նաեւ կոռումպացվում են. «Եվ հակառակն էլ կա՝ հենց կոռումպացված դատավորներն են հեշտ ենթարկվում իշխանական ճնշումներին, որովհետեւ հասկանում են, որ քանի որ կոռումպացված են, ապա պետք է շատ լավ հարաբերությունների մեջ գտնվեն եւ ԱԱԾ-ի հետ, եւ ՀՔԾ-ի հետ, եւ երկրի իշխանության հետ: կոռումպացված դատավորին շատ հեշտ է ճնշել: Նման դատավորը եւ ԱԱԾ-ի պատվերն է կատարում, եւ ՀՔԾ-ի, ուրեմն ինքը պրոբլեմ չունի եւ հանգիստ կարող է զբաղվել կոռուպցիայով: Սրանով կոռուպցիա են բուծում»,-ասաց նա:

Այս թեմայով