«Հեղափոխությունը» իրագործվել է կոնկրետ շահեր սպասարկելու նպատակով

Վերջին առնվազն մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները հետադարձ քննական հայացքով դիտարկելու դեպքում կարելի է բացահայտել, որ թավշյա «հեղափոխությունը» բավականին համակողմանիորեն ծրագրված էր, ու հետևողականորեն իրագործվել է։

Ի սկզբանե էլ որոշվել է` իշխանափոխության միջոցով պետության ղեկը մի կարճատև ընթացք փոխանցել ամենաանփորձ, ամենաանկազմակերպ, ամենաթույլ, ամենաանպաստասխանատու, ամենաանտեղյակ ու ամենահավակնոտ ընդդիմադիրին։ ​Ըստ ամենայնի՝ ժողովրդի համբերության սահմանը որոշելու այս մտահղացումը համարվել է «հեղափոխություն վերևից», բայց ներքևների ակտիվ մասնակցությամբ։

Թավշյա հեղաշրջման հաջողությունն ապահովելու համար երկրի ղեկավարը պառակտել է սեփական իշխող կուսակցությունը, իսկ բոլոր մակարդակների «հեղինակություններին», ֆինանսական ու տնտեսական հնարավորություններ տնօրինողներին, օլիգարխներին, ընդդիմադիրներին զրկել է «ավանդական» ազդեցության լծակներից ու արտոնություններից։ ​

Մեթոդաբար թշնամացածներն իրենց թալանածը չկորցնելու, ունեցածը պահելու, պատասխանատվության չկանչվելու, շահերը պաշտպանելու և կորսված հնարավորությունները վերականգնելու համար ինքնաբերաբար լծվել են նոր տիրոջ փնտրտուքին։ Նրբորեն ծրագրված «հապշտապ» հրաժարականից հետո «անակնկալ» մատուցված նոր տերը, նույնքան ինքնաբերաբար, արդեն ապահովված էր անհրաժեշտ ամեն ինչով։ Նախապատրաստված էր և՛ ֆինանսական բազան, և՛ փողոց դուրս գալու ու ամեն ինչ անելու պատրաստ զանգվածը, և՛ ուժայինների անվերապահ լոյալությունը։ ​Հանրահայտ աքսիոմա է՝ առանց ոստիկանության, հատուկ ծառայությունների, անվտանգության ծառայության ու զինված ուժերի առնվազն լուռ թույլատվության կամ շահագրգիռ մասնակցության, ոչ մի երկրում երբեք «հեղափոխություն» չի իրագործվել։

Ուժային կառույցների գրեթե բոլոր սպաները, ծառայությունների ղեկավարությունը, գեներալներն ու գնդապետները բացահայտորեն աջակցեցին «հեղափոխության» ընթացքը, քանի որ հրաժարական տված նախագահ-վարչապետի որոշումներ կայացնելու կարգը, վարած կադրային քաղաքականությունը համատարած դժգոհություն էր առաջացրել ուժային բոլոր կառույցներում։ ​

Գեներալներն ու գնդապետները, օլիգարխներն ու ամենատարբեր կալիբրի հեղինակությունները միայն իրենց շահերը պաշտպանելու, ունեցածը չկորցնելու, նոր իշխանության մասը կազմելու և կորցրած բոլոր հնարավորությունները վերականգնելու համար փակեցին փողոցները, հրապարակ դուրս բերեցին իրենց «ակտիվը»։

Իհարկե, գեներալների ու գնդապետների որոշիչ մասնակցությունը «հեղափոխությանը» պետք է աննկատ մնար հնարավորինս երկար, սակայն Փաշինյանի ձախողումների պատճառով արդեն այսօր է անհրաժեշտ դարձել նրանց ու բոլոր նախկինների վերադարձը իշխանության։

Արտահերթ խորհրդարան դեռ չի ձևավորվել, բայց գեներալների պաշտոնակալությունները արդեն հուշում են «հեղափոխության» վերջին փուլի սկիզբը։ «Հեղափոխություն», որ ոչ մի առումով թավշյա չէր, ժողովրդական չէր, անակնակալ չէր, այլ պլանավորվել ու իրագործվել է կոնկրետ շահեր սպասարկելու և ժողովրդի համբերության սահմանը չափելու պարզ նպատակով։ ​

Գոռ Հարությունյան

Այս թեմայով