Հեղաշրջման նոր փուլ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաջորդել էր աննախադեպ քաղաքական ամայություն: Գրեթե մեկ ամիս դադարած քաղաքական կյանքը կենդանության նշաններ ցույց տվեց ԱՄՆ սենատի որոշումից հետո միայն՝ երբ Լինն Թրեյսին մեր երկրում դեսպան նշանակվեց: Թավշյա իշխանափոխության փուլի առաջադրանքները հևիհև ու օրենքների անտեսմամբ կատարած վարչապետի ժպ-ն անգործության վիճակից դուրս գալու, մանդատներ բաշխելու երկար սպասված հրահանգը տալու և յուրայինների հուզումները փարատելու շանս ստացավ:

Իհարկե, թավշյա առաջնորդի նոր կուրատորն իր հովանավորյալին է ուղարկել նաև առաջիկա 6 ամիսների գործունեության պլանը, որի իրագործմանը թավշյա պառլամենտն ու կառավարությունը կլծվեն անհրաժեշտ կոնսուլտացիներից հետո միայն: Որոշ բարձրաստիճան քպականներ ակնկալում են տևական գործուղումներ՝ արագացված թրեյնինգներ անցնելու համար: Նրանք չեն բացառում նաև իրենց առաջնորդի՛ հանդիպումը հակամարտությունների խաղաղ կարգավորման «բացառիկ» մասնագետ և տարծաշրջանային «համակարգող» Բրենդ Շեֆֆերի հետ, ով հիմա նաև դասավանդում է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:

Այս առումով բացառիկ է լինելու նաև ԱՄՆ պետքարտուղարության Միջին ու Մերձավոր Ասիայի և Ռուսաստանի հարցերով նախկին ավագ խորհրդական, ՌԴ-ում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Աֆղանստանում փոխդեսպանի հարուստ փորձ կուտակած Լինն Թրեյսիի դերակատարությունը մեր երկրում: Պետդեպի «հերոսության համար» և ԱՄՆ մի շարք բարձրագույն պարգևներ ստացած դեսպանն արդեն հայտարարել է, որ աջակցելու է իր թավշյա հովանավորյալին՝ «իր խաղաղ» իշխանափոխության ծրագիրը մինչև վերջ իրագործելու հարցերում, նաև շեշտել է, որ «մեծ աշխատանք կա՝ ձեռքբերումներն ամրապնդելու համար»:

Վարչապետի ժպ-ի նոր կուրատորը մասամբ բացահայտել է իր դեսպանական առաքելության նպատակը.«Կառուցել անկախ, ժողովրդավար, բարգավաճ Հայաստան, որն իր հարևանների հետ կապրի խաղաղության մեջ է և իր գործընկերներին ազատորեն ընտրելու հարցում կլինի ինքնիշխան»: Հայտնի է նաև, որ տիկին Թրեյսին «սիրում» է ակտիվ շրջագայել երկրի մարզերում, միջամտել բոլոր տեսակի ու մակարդակի ընտրություններին, սերտորեն ու հետևողականորեն «գործակցել» քաղաքագետների, վերլուծաբանների, փորձագետների, բիզնեսմենների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվիստների, ուսանողների, փոխանակման ծրագրերի մասնակիցների ու կամավորականների, ամեն տեսակի փոքրամասնությունների հետ, սակայն կտրականապես չի «սիրում» ազատ մամուլը և իր բոլոր հանդիպումներն ու միջոցառումներն անցկացնում է միայն լրագրողների բացակայության պայմաններում։

Այս համապատկերում միանգամայն ակնկալելի էր ու տրամաբանական, որ պատգամավորական մանդատներ ստացած ու դեսպանատանից ուղղորդվող «ազատ խմբագիրները» միահամուռ անտեսեցին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր, գեներալ լեյտենանտ Հայկ Քոթանջյանի բոթը՝ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության ազգային անվտանգության շահերից բխող ռազմավարական հետազոտությունները դադարեցնելու մասին: Փոխարենը՝ բոլոր հնարավոր ձևերով տարածեցին

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ մայոր Տավարածյանի արդարացումը. «ներկայումս համալսարանը չի զբաղվում կիրառելիության հեռանկար չունեցող, իրագործելիության առումով մշուշոտ… հետազոտությունների ու ծրագրերի իրականացմամբ,… նոր անցում է կատարել առաջնահերթ շահերի մշակմանն ու գիտավերլուծական փորձաքննությանը»:

Դե իսկ գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հիմնադրած շախմատի դպրոցին տրամադրվող ֆինանսական աջակցությունը պետականորեն դադարեցնելու որոշումը գալիս է փաստելու, որ թավշյա իշխանությունները մեր երկրում բոլո՛ր ուղեղային կենտրոնները փակելու, ապա նաև՝ ժողովրդին մտածելն արգելելու ուղղակի առաջադրանք ունեն և այն քայլ առ քայլ իրագործում են՝ նույն ժողովրդի հանդուրժող լռության պայմաններում: Մինչդեռ պատգամավորական մանդատներ ստացած ու դեսպանատանից ուղղորդվող նույն այդ «ազատ խմբագիրները» նույնքան միահամուռ ու վարչապետի ժպ-ի հրահանգով, բայց առանց ժողովրդին հարցնելու, հիմքեր են ստեղծում՝ մեր երկրի աշխարհաքաղաքական վեկտորը տրամագծորեն փոխելու համար:

​Մասնավորապես. արդեն ծրագրված է՝ արտահերթ ԱԺ-ում ստեղծել նոր հակասահմանադրական մարմին՝ արտակարգ հանձնաժողով, որը պետք է դադարեցնի թավշյա առաջնորդին տհաճ ու նրա իշխանությունը սահմանափակող բոլոր օրենքների ու նույնիսկ Սահմանադրության գործունեությունը: Այս մարմինը նախորդ փուլին բնորոշ հապշտապությամբ քննելու է վերանկախացումից հետո կնքված բոլոր այն միջազգային պայմանագրերի, կատարված արտաքին ու ներքին գործարքների օրինականությունը, որոնք կմատնանշի վարչապետի ժպ-ի նոր կուրատորը, իսկ որոնք կարող են խոչընդոտել աշխարհաքաղաքական վեկտորի արագ փոփոխությանը՝ ուղղակիորեն դադարեցնելու կամ չեղարկելու են:

​Իհարկե. վարչապետի ժպ-ին առաջադրված աշխարհաքաղաքական «նոր» պլանը շատ ավելի բազմաբովանդակ է ու աննախադեպ հստակ ուղղավածություն ունի, որին դեռ հանգամանորեն կանդրադառնանք: Մինչդեռ. «հուսահատ ջանք» պայմանական անվանում ստացած այս պլանն ունի մի մեծ թերություն: Այն անհրաժեշտ է իրագործել մինչև առաջիկա ամառ՝ մինչև նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դատելով նորակազմ ԱԺ-ի ներուժային հնարավորություններից՝ մեկ նստաշրջանում նման խնդիր վարչապետի դիլետանտական թիմը չի կարող լուծել, սակայն ամեն ինչ փչացնել՝ կհանցնեն: Սա էլ հենց՝ ծրագրի մինիմում նպատակն է:

Արթուր Մխիթարյան

Այս թեմայով