ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի պատասխանը՝ մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներին

հրաչյաՕրերս հայկական մամուլում լուրեր էին շրջանառվում որոնց համաձայն՝ ծանրամարտի աշխարհի 2010 թվականի, Եվրոպայի եռակի չեմպիոն, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը և Եվրոպայի գործող չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը Խաղերին արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել են չեն մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Ի պատասխան վերը նշված հրապարակումներին՝ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտական կապի մեջ է գտնվում միջազգային հակադոպինգային կազմակերպությունների հետ: Մենք ուշադիր հետևում ենք հակադոպինգային գործընթացների զարգացմանը: Խոսքը բազմաթիվ երկրների հարյուրավոր մարզիկների մասին է, այդ թվում՝ մեր մի քանի մարզիկների: Մինչ այս պահը որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ որոշում չկա: Մենք մեր արձագանքը կտանք միայն միջազգային համապատասխան կառույցների պաշտոնական հայտարարությունից հետո: Մինչ այդ մեր բոլոր մարզիկներն, ըստ հաստատված ժամանակացույցի, շարունակում են նախապատրաստվել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին»,- նշվում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունում:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 


Այս թեմայով