Հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում. տնտեսական աճի ռիսկերը

Հայաստանում արձանագրված տնտեսական աճի և հնարավոր ռիսկերի մասին Politik.am-ը զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ: Խոսելով բանկային համակարգի մասին՝ տնտեսագետն ասում է.

«Այս ընթացքը՝ 5-6 ամիսը ցույց տվեց, որ բանկային համակարգի և հայակական դրամի հանդեպ վստահությունը չի նվազել, և փոխարժեքը մնում է կայուն: Միջազգային կառույցները ևս դրական են տրամադրված այս փոփոխությունների հանդեպ»:

Մարգարյանի խոսքով՝ այս դրականի հետ մեկտեղ պետք է բարձրաձայնել և հաշվի առնել նաև բացասական կողմերն ու դրանք քննարկել քաղաքականության մեջ.

«2019-ի բյուջեի նախագիծը դրված է խորհրդարանական շրջանառության մեջ : Սոցիալական լուծումների մասով խիստ  պահպանողական մոտեցումներ են՝ հատկապես աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների առումով: Աճ չենք տեսնում: Գոնե դրանք պետք է ինդեքսավորվեին գնաճի տոկոսին համապատասխան»:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ գնաճի հետ կապված խնդիրներ էլ, կարծես, չկան: Բայց լուրջ խնդիր կա գործազրկության մակարդակի հետ կապված.

«Ըստ բնական մակարդակի՝ գործազրկությունը պետք է լինի մոտ 6-7%, մեզ մոտ այն գրեթե 3 անգամ ավելի է՝ մոտ 18%: Դա ավելի քան 200.000 պոտենցիալ աշխատող կարող է լինել: Այսինքն՝ տնտեսական աճը չի ուղեկցվում գործազրկության մակարդակի շոշոփելի իջեցմամբ»:

Տնտեսագետն ասում է, որ այս տնտեսական աճը նաև ռիսկեր է պարունակում: Այն է՝ հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում.

«Բացակայում է ներառականության էլեմենտը: Աղքատության մակարդակը շատ բարձր է, և իջեցման դինաիմկա չենք տեսնում»:

Մարիամ Սարգսյան

Այս թեմայով